Տեղի ունեցավ Տավուշում դիվերսիայից զոհված 20-ամյա Էդգարի հոգեհանգիստը. ներկա էր նաեւ Վիգեն Սարգսյանը
ՀասարակությունԵրեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր` դեկտեմբերի 30-ին, տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիայի հետեւանքով զոհված Էդգար Նարայանի հոգեհանգստի արարողությունը:

20-ամյա Էդգար Նարայանի հոգեհանգստին ներկա էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Տավուշում զոհված Էդգարը Երեւանից էր, ընտանիքի միակ որդին, հինգ ամսից պետք է զորացրվեր: Հարազատներն ու ընկերները վերջին անգամ Էդգարին տեսել էին երեք ամիս առաջ։ Նա արձակուրդ էր եկել քրոջ հարսանիքին մասնակցելու նպատակով։ Էդգարը երկու քույր ունի։ Մինչ բանակ զորակոչվելը սովորել է Ֆրանսիական համալսարանում, ծրագրավորողի մասնագիտությամբ։
Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, սակայն հետ է շպրտվել` տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում` մեր մարտական դիրքերի հատվածում. «ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի հետեւանքով հայկական կողմը երեք զոհ ունեցավ` ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը եւ Էրիկ Գարիկի Աբովյանը: