Ադրբեջանի ԱԳՆ-ն չի բացառել ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացումը
ՔաղաքականությունԱդրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, պատասխանելով այն հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, նշել է, որ չի բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը, գրում է haqqin.az-ը:
«Օգտակար ենք համարում հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված հարցերի քննարկումը: Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Մենք չենք բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը», - նշել է Աբդուլաևան:
Նրա խոսքով՝ «հաղորդակցությունների բացումը, սահմանազատման շուրջ բանակցությունների սկիզբը կարող են առողջ հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ կառուցողական առաջընթացի համար»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Նյու Յորքում։