Անկեղծորեն գնահատում եմ մեր միջև ձևավորված փոխըմբռնումը և վստահելի հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ
ՔաղաքականությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում նշված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Ռուսաստանի Դաշնության զարգացման շահերից բխող նպատակների իրագործմանը միտված պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում երկրի դերի առավել ամրապնդմանը միտված Ձեր հետևողական ջանքերը Ձեզ արժանի հարգանք են ապահովել հայրենիքում և արտերկրում:
Անվիճելի է Ձեր անձնական ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Երախտապարտ ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերի համար:
Անկեղծորեն գնահատում եմ մեր միջև ձևավորված փոխըմբռնումը և վստահելի հարաբերությունները:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»: