Մութ սպանություն` տարօրինակ վանքում
ԱշխարհԱյսօր Բելառուսական եկեղեցու Սինոդը պաշտոնապես հաստատեց Բելառուսի մենաստանի մայրապետ Վասիլիսայի սպանության լուրը: Մայր Վասիլիսան սպանվել է անցնող գիշեր, Սուրբ ծնդդյան նախօրեին, Մինսկից ոչ հեռու գտնվող Սվյատո-Քսենիեվսկիյ վանքում: Այս մասին երեկվանից գրում են ռուսական ԶԼՄ-ները: Մայր Վասիլիսան բելառուսական վանք էր տեղափոխվել 2004 թվականին Ուկրաինայից:
Սվյատո-Քսենիեվսկիյ վանքը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում: Տարիներ առաջ այստեղ տարօրինակ իրադարձություններ էին կատարվում:
2007 թվականին «Կոսոմոլկան» հետաքննություն էր անցկացրել և բացահայտել էր, որ վանականները մարդիկ էին ուղարկում հարակից գյուղերի բնակիչների մոտ, որոնք համոզում էին վերջիններիս, որ իրենց տները նվիրեն եկեղեցուն: Իսկ 2008 թվականին տեղացի գործարարներից մեկը հայտնել էր, որ իր կինը տարօրինակ արարք է թույլ տվել` նա իր ողջ ունեցվածքն ու բիզնեսը նվիրաբերել է Սվյատո-Քսենիեվսկիյ մենաստանին: Լուրեր կային, որ այս եկեղեցում աղանդ է բուն դրել:
Հանգուցյալ մայր Վասիլիսան հայտնի է նրանով, որ բուժում էր հիվանդներին: Նա նրանց հրավիրում էր վանք, պահում էր իր մոտ, ասելով, որ վանքի պատերը կբուժեն:
Սպանության գործով կասկածյալ կա: Իրավապահները ձերբակալել են վանքի մենուհիներից մեկին: Չի բացառվում, որ նա հոգեխախտ է: Նշանակված է դատահոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն: