Առաջինը Միջազգային տիեզերակայան թռած կինոանձնակազմը բարեհաջող Երկիր է վերադարձել
ԱշխարհԴերասանուհի Յուլիա Պերեսիլդը և ռեժիսոր Կլիմ Շիպենկոն, տիեզերագնաց Օլեգ Նովիցկիի ուղեկցությամբ, Երկիր են վերադարձել Միջազգային տիեզերակայանում երկշաբաթյա նկարահանումներից հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օրվա սկզբին Պերեսիլդը, Շիպենկոն և Նովիցկին հրաժեշտ են տվել ՄՏԿ-ում մնացող տիեզերագնացներին՝ ռուսաստանցի Պյոտր Դուբրովին և Անտոն Շկապլերովին, ամերիկացիներ Մարկ Վանդե Հային, Շեյն Քիմբրոուին և Մեգան ՄաքԱրթուրին, ճապոնացի Ակիհիկո Հոշիդեին և ֆրանսիացի Թոմ Պեսկեին, ապա մտել են տիեզերանավ և փակել լյուկերը: Ժամը 7:35-ին անձնակազմը վայրէջք է կատարել Ղազախստանի տափաստանում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի հինգին «Բայկոնուր» արձակման կայանից դեպի Միջազգային տիեզերակայան էր թռչել «Սոյուզ ՄՍ-19» մարդատար տիեզերանավը, որում ոչ միայն փորձառու տիեզերագնացներ էին, այլև կինոաշխարհի ներկայացուցիչներ:
Պատմության մեջ առաջին անգամ տիեզերքում ֆիլմը նկարահանվել է ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացների մասնակցությամբ: Շիպենկոն և Պերեսիլդը Միջազգային տիեզերակայան էին մեկնել «Մարտահրավեր» ֆիլմը նկարահանելու համար: Սա պատմություն է մի կին բժշկի մասին, որը գնացել է ՄՏԿ՝ տիեզերագնացին մահից փրկելու համար: