Վիետնամում սխալմամբ հակակորոնավիրուսային պատվաստանյութ են ներարկել 18 նորածնի
ԱշխարհՎիետնամի մայրաքաղաք Հանոյում բժիշկները 2-6 ամսական 18 երեխայի սխալմամբ կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech ընկերության պատվաստանյութ են ներարկել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, Հանոյի առողջապահության մարմինների տվյալներով՝միջադեպը տեղի է ունեցել այս շաբաթ քաղաքի հիվանդանոցներից մեկում: Պատվաստման մասին տեղեկանալուց հետո առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նորածիններին տեղափոխել են բուժհաստատություն՝ հետազոտության և հետագա բուժման համար:
Ազգային մանկական հիվանդանոցի մասնագետների խոսքով՝ պատվաստված երեխաների վիճակը կայուն է: Այնուամենայնիվ, նրանցից ոմանց մոտ ներարկումից հետո ջերմություն է եղել, իսկ ներարկման տեղում այտուց է առաջացել:
Վիետնամի առողջապահության նախարարը հանձնարարել է պարզել կատարվածի հանգամանքներն ու նրանց, ովքեր պատասխանատու են կատարվածի համար: