Ֆումիո Կիսիդան վերընտրվել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում
ԱշխարհՃապոնիայի խորհրդարանի ստորին պալատի անդամները չորեքշաբթի վերընտրել են իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆումիո Կիսիդային վարչապետի պաշտոնում։ Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում, գրում է ՏԱՍՍ-ը։
Կիսիդայի թեկնածությանը կողմ է քվեարկել 465 պատգամավորներից 297-ը, հիմնականում Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից և իշխող կոալիցիայի նրա կրտսեր գործընկեր Կոմեիտո կուսակցությունից, որոնք միասին ունեն բացարձակ մեծամասնություն ստորին պալատում։
Կիսիդան սեպտեմբերի 29-ին ստանձնել է իշխող կուսակցության նախագահի պաշտոնը, իսկ հոկտեմբերի 4-ին ընտրվել վարչապետ։ Նրա վերանշանակումն այս պաշտոնում պաշտոնական ընթացակարգ է հոկտեմբերի 31-ին խորհրդարանի ստորին պալատի ընտրություններից հետո: