Հայաստանի հավաքականն առաջին կեսից հետո պարտվում է Հս․ Մակեդոնիային
ՍպորտԱԱ-2022-ի ընտրական փուլի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել է Հյուսիսային Մակեդոնիային ու առաջին կեսից հետո 0-2 հաշվով զիջում է մրցակցին։
Հարկ է նշել, որ մեր ընտրանին ակտիվ էր սկսել խաղն ու մեկնարկային 15 րոպեների ընթացքում մի քանի վտանգավոր դրվագ ունեցավ։ Այսպիսով, 11-րդ րոպեին Նորբերտո Բրիասկոն հասավ մրցակցի դարպասային հրապարակ, գնդակը փոխանցեց Հենրիխ Մխիթարյանին, սակայն վերջինս չկարողացավ ավարտին հասցնել դրվագը։ Ապա, երկու րոպե անց մրցակցի դարպասի մոտ Տիգրան Բարսեղյանը գնդակը փոխանցեց Բրիասկոյին, որի՝ գլխով կատարած հարվածը բավականին շեղ ստացվեց։
22-րդ րոպեին մրցակցին հաջողվեց ճեղքել մեր պաշտպանությունը՝ շրջանցելով Կամո Հովհաննիսյանին, Էրիկ Վարդանյանին, Անդրե Չալըշրին ու Հովհաննես Համբարձումյանին, և գրավել Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը․ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Տրայկովսկին։
31-րդ րոպեին խառը իրադրությունում գնդակը հասավ Նորբերտո Բրիասկոյին, բայց նրա փոխանցումից հետո Տիգրան Բարսեղյանը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։
36-րդ րոպեին հեռահար հարվածով Յուրչենկոյի դարպասը գրավեց Էնիս Բարդին։