Փաշինյանը Հայաստանի առաջնահերթություններից է համարում եվրասիական ինտեգրացիան
ՔաղաքականությունԵվրասիական ինտեգրացիան Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նախ շնորհավորեց Ղրղզստանի նոր վարչապետ Ակիլբեկ Ժապարովին և հաջողություններ մաղթեց պատասխանատու պաշտոնում: Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է հետագայում ևս ջանքեր գործադրել պահպանելու համար կառուցողական երկխոսություն երկու երկրների կառավարությունների միջև։
«Ընդունելով այս նիստը՝ մենք փորձել ենք հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծել օրակարգի քննարկման համար։ Օրակարգում հարցերի քննարկումից բացի, շատ կարևոր է նաև մեր պատվիրակությունների կենդանի շփումը», - ասաց Փաշինյանը։
Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը՝ որպես ԵԱՏՄ նախագահող երկրի վարչապետ, իր հերթին ներկայացրեց հանդիպման օրակարգը։
Նախատեսվում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն միության երկրների ռազմավարական նշանակություն ունեցող դեղերով ապահովվածության, էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտի հանրահռչակման, մետաղագործական ձեռնարկությունների հումքային ապահովման հարցերը: