Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել. կա ավելի քան 100 անհետ կորած
ԱշխարհԱռնվազն 41 մարդ է զոհվել, ավելի քան 100 բնակիչ անհետ կորել է Հնդկաստանի հարավ-արևելյան Անդհրա Պրադեշ նահանգում ուժեղ մուսոնների և ջրհեղեղների հետևանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հորդառատ անձրևները, որոնք սկսվել են նոյեմբերի 18-ի երեկոյան, խաթարել են բնականոն կյանքը Ռաջալասիմա և Նելլոր շրջաններում, որտեղ 1316 գյուղ հեղեղվել է ջրով: Ջրհեղեղները Տիրուպատի քաղաքը կտրել են արտաքին աշխարհից, որի հետ փլուզվող կամուրջների պատճառով ընդհատվել է երկաթուղային և ճանապարհային կապը։
Տուժած շրջաններում իշխանությունները փրկարարական աշխատանքներ են իրականացնում: Դրանց մասնակցում են ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ և աղետների կառավարման ծառայություններ։
Անդհրա Պրադեշի կառավարությունը հայտարարել է զոհերի ընտանիքներին 500 հազար ռուփի (մոտ 6,7 հազար դոլար) վճարելու մասին։
Ըստ օդերևութաբանների՝ հոկտեմբերի 1-ից մինչ օրս նահանգում գրանցվել է ավելի քան 518 մմ տեղումներ, ինչը 68%-ով ավելի է այս ժամանակահատվածի միջին մակարդակից։