«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի ընտանիքը հայտնվել է ծանր սոցիալական պայմաններում
Հասարակություն«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի ընտանիքը հայտնվել է ծանր սոցիալական պայմաններում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մորաքույր տիկին Անահիտը: Նա նշեց, որ Սեդրակ Նազարյանի հայրն ու մայրը Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում ապրում են 42 հազար դրամ թոշակով՝ երկուսն էլ վատառողջ են եւ չեն կարողանում աշխատել:
«Շատ վատ վիճակում են հայտնվել, երկուսն էլ ի վիճակի չեն աշխատել, ստացած 42 հազար դրամ թոշակն էլ ոչ մի բանի համար չի բավականացնում: Սեդրակը գոնե օգնում էր՝ կարողանում էին ինչ-որ չափով ապրել, հիմա դրանից էլ զրկվեցին»,-ասաց տիկին Անահաիտը:
Նշենք, որ հուլիսի 18-19-ը «Աջակցություն Սեդրակ Նազարյանի ընտանիքին» նախաձեռնությունը Երեւանի Հյուսիսային պողոտայում կազմակերպել է դրամահավաք, որի արդյունքում հավաքված ամբողջ գումրը փոխանցվելու է Սեդրակ Նազարյանի ընտանիքին:
Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից)։ Ըստ փաստաբանների՝ Սեդրակ Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից եւ արտաքին աշխարհի հետ որեւէ կապից:
Նյութը՝ news.am-ի