Որպես Վահե Հակոբյան՝ ես չէի գնա Նիկոլի հետ ցանկացած հանդիպման. Պատգամավորը՝ Փաշինյանի՝ Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպման մասին
ՔաղաքականությունԵս կարծում եմ՝ համայնքի ղեկավարները նախևառաջ գնացել են հանդիպման, որպեսզի առաջին ձեռքից իմանան, թե Սյունիքի շուրջ ինչ է կատարվում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը։ «Ես ենթադրում եմ, որ իրենք գնացել են պարզապես, որ ինֆորմացված լինեն, թե այդ ինֆորմացիան ինչքանով է Նիկոլի պարագայում համապատասխանում իրականությանը՝ ես չեմ կարող ասել, բայց դա իրենց ընտրությունն է՝ իրենք են որոշում՝ գնան, թե չգնան»,-ասաց Հակոբյանը։
Մեր հարցին, որ շատերի մոտ զարմանք է առաջացրել Փաշինյանի հետ հանդիպմանը տեսնել ընդդիմադիր կեցվածք ընդունած համայնքապետերի ու համայնքապետերի տեղակալների, Հակոբյանն ասաց. «Ո՞ւմից են զարմացել՝ Փարսյան Գևորգի՞ց, ինչի՞ են զարմացել։ Փարսյան Գևորգը ՏԻՄ ընտրությունների ժամանակ և առավոտյան և երեկոյան ասեց, որ ինքը համագործակցելու է իշխանությունների հետ, որովհետև այլընտնաք չունի»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Նա նշեց, որ Գորիսի փոխքաղաքպետ Կարո Քոչարյանին չի ճանաչում և չի կարող ոչինչ ասել։ «Որպես Վահե Հակոբյան՝ ես չէի գնա Նիկոլի հետ ցանկացած հանդիպման։ Որպես համայնքի ղեկավար միգուցե իրենք իրենց տրամաբանությունը ունեն»,-ասաց Հակոբյանը։