Պուտինը Թուրքիային անվանել է «բարեկամ»
Աշխարհ«Ռուսաստանն անկեղծորեն ձգտում է վերականգնել և զարգացնել երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ»: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք անկեղծորեն ձգտում ենք լիարժեք կերպով հարաբերությունների վերականգնմանը մեր բարեկամ Թուրքիայի հետ, երկրի, որի հետ անցած տարիների ընթացքում ձևավորվել են համագործակցության և փոխգործակցության յուրահատուկ հարաբերություններ»,- ասել է նա Սոչիում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպմանը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին այցը Ռուսաստան հաստատեց ոչ միայն վերականգնման, այլև մեր երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ լիարժեք աշխատանքի մեր ընդհանուր տրամադրվածությունը»,- հավելել է Պուտինը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վլադիմիր Պուտինը երախտագիտությամբ է ընդգծել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դերը ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ ձեռնարկած ջանքերի համար, նկատի ունեմ Ձեր միջնորդական առաքելությունը: Ինչպես տեսնում ենք՝ դրանք հաջողությամբ են պսակվել»,- ասել է Պուտինը Սոչիում Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ:
Երկկողմ հարաբերություններում ճգնաժամից հետո առաջին հանդիպումը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայացել է Սանկտ Պետերբուրգում՝ օգոստոսի 9-ին: Կողմերը պայմանավորվել են ոչ միայն վերականգնել առևտրատնտեսական համագործակցության նախկին մակարդակը, այլև ավելացնել այն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։