Գուրգեն Մարտիրոսյանն ընտրվել է Գավառ համայնքի ղեկավար
ՔաղաքականությունԳավառի համայնքապետարանում տեղի է ունեցել Գավառ խոշորացված համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստը, որին մասնակցել են «Գուրգեն Մարտիրոսյան», «Մեր համայնքը» դաշինքներից եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մանդատ ստացած ավագանու 27 անդամները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նիստը վարել է Գավառ համայնքի ավագանու ավագ անդամ Օնիկ Դանոյանը: Նիստը մեկնարկել է Արցախյան վերջին պատերազմում զոհված տղաների հիշատակի լռության րոպեով, որին հաջորդել է մանդատ ստացած ավագանու անդամների անունների ընթերցումը: Այնուհետ ներկայացվել է նիստի օրակարգը՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնը օրենքի ուժով նշանակելու, Գավառ համայնքի ղեկավարի երդման արարողության, Գավառ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրվա սահմանման հետ կապված հարցերի մասին:
Առաջին հարցի ներկայացումից ու քվեարկությունից հետո Օնիկ Դանոյանը շնորհավորել է Գուրգեն Մարտիրոսյանին՝ Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնում օրենքի ուժով ընտրվելու առթիվ եւ հրավիրել՝ տեղ զբաղեցնելու նախագահությունում: Գուրգեն Մարտիրոսյանն իր հերթին շնորհավորել է ավագանու նորընտիր անդամներին եւ հաջող ընթացք մաղթել աշխատանքներին:
Հաջորդաբար ներկայացվել եւ ավագանու անդամների քվեարկությամբ հաստատվել են օրակարգային մնացած հարցերը եւս։ որոշվել է Գավառ համայնքի ղեկավարի երդման արարողությունն անցկացնել 2021 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին։
Իսկ Գավառ համայնքի առաջին նստաշրջանի գումարման օր եւ ժամ է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 27-ը: