Այս իշխանությունը չունի հնարավորություն՝ որեւէ ոլորտում հաջողելու
ՔաղաքականությունՀարցազրույց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ
- 2021 թվականը դժվար տարի էր Հայաստանի եւ Արցախի համար։ Որո՞նք են այսօր մեր հիմնական խնդիրները, եւ ի՞նչ նոր մարտահրավերներ բերեց անցնող տարին։
- Դժվար է առանձնացնել ու խոսել միայն անցնող տարվա մասին, քանի որ այսօրվա իրավիճակն ուղղակի արդյունք է նաեւ պատերազմի ու հետպատերազմական զարգացումների։ Ընդհանուր առմամբ՝ այսօր բավական շատ խնդիրներ ունենք, որոնց, երեւի թե, կարիք ունենք առանձին-առանձին անդրադառնալու։ Հայաստանի համար արտաքին քաղաքական եւ անվտանգային կարեւորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցը։ Այստեղ պատերազմը նոր խնդիրներ բերեց՝ ի դեմս տարածքային կորուստների, զոհերի, փախստականների, չլուծված կարգավիճակի հարցի եւ այլն։ Ադրբեջանը պարբերաբար պնդում է, որ Արցախի հարցը լուծված է, եւ, չհանդիպելով հայկական կողմի կոշտ արձագանքին, հաջողում է նաեւ այս թեզն ընկալելի դարձնել միջազգային հանրության համար։ Ի դեպ, ես այստեղ հատուկ ուշադրություն կհրավիրեի այն հանգամանքի վրա, որ «հայկական կողմի արձագանք» ասելով չպիտի սահմանափակվենք միայն ԱԳՆ հայտարարություններով կամ դատապարտող տեքստերով։ Մենք արդյունք կունենանք, եթե համապատասխան աշխատանք իրականացվի գործընկերների, միջազգային կազմակերպությունների եւ միջազգային հանրության հետ ընդհանրապես, որը, ցավոք սրտի, չի արվում։Մյուս կողմից, Հայաստանի իշխանությունները պիտի դադարեցնեն այն գործելաոճը, որն ուղղակիորեն լեգիտիմացնում է Ադրբեջանի մոտեցումները եւ ջախջախում բանակցային գործընթացի ապագան։ Օրինակները բազմաթիվ են, ամենաթարմը՝ վերջին մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հանրաքվեի, հակամարտության կարգավորումը ՄԱԿ ԱԽ տեղափոխելու, Արցախում ադրբեջանցիների ինքնորոշման եւ այլնի մասին։ Հայաստանի իշխանությունների կեցվածքն ուղղակի ազդեցություն է թողնում միջազգային հանրության ընկալումների վրա։ Ես այստեղ կմեջբերեի բոլորովին վերջերս Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի նախագահի ելույթից մի դրվագ, երբ եվրոպացի պաշտոնյան, խոսելով կոնֆլիկտի մասին, օգտագործում է «հաղթահարել» եզրույթը, եւ խոսք չկա կարգավիճակի մասին։ Ավելին, նույն Շառլ Միշելի խոսքում, ինչպես նաեւ ԱլԳ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում, ընդհանրապես չկար Արցախի անունը, չկար ուղիղ հղում Մինսկի խմբի համանախագահությանն ու ձեւաչափին։ Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ ռիսկեր է այս ամենը պարունակում։ Մյուս կարեւորագույն խնդիրը գերիների հարցն է, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ շարունակում է չլուծված մնալ։ Հումանիտար նշանակության այս խնդիրը, որն Ադրբեջանի համար նաեւ պայմանագրային պարտավորություն է՝ ի դեմս նոյեմբերի 9-ի հայտարարության, շարունակում է քաղաքական շահարկումների ու առեւտրի առարկա դառնալ, ինչը պարզապես անընդունելի է։
Այս ամենին զուգահեռ, մենք տեսնում ենք նաեւ միջազգային հանրության կողմից հետպատերազմյան այս իրավիճակում արցախյան կարգավորման գործընթացի հետ կապված բավական մտահոգիչ տենդենցներ։ Այս իմաստով հատկապես ուշագրավ են վերջին հայտարարությունները՝ թե՛ եվրոպական խորհրդի նախագահի, թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների։ Այս փաստաթղթերում խոսք չկա Արցախի կարգավիճակի հստակեցման կարեւորության, Արցախի տարածքների դեօկուպացիայի, Արցախի համար երկարաժամկետ ու կայուն անվտանգության երաշխիքների տրամադրման մասին։ Սա, թերեւս, լավագույն ցուցիչն է նրա, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները պարզապես ի վիճակի չեն պատշաճ կերպով ներկայացնել ու պաշտպանել Հայաստանի եւ Արցախի շահերը միջազգային հարթակներում։ Բնականաբար, սրա հիմնական պատճառն այն է, որ այս իշխանությունները պարտության ու կապիտուլյացիայի խորհրդանիշ են, եւ աշխարհն էլ է նրանց այսպիսին ընկալում։
Իհարկե, այս ամենն անվտանգային լուրջ խնդիրներ է մեզ համար ստեղծում։ Մյուս կողմից՝ պիտի ընդունենք, որ Արցախի մեծ մասը կորցնելու արդյունքում ուղիղ հարվածի տակ է հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Մայիսի 12-ից թշնամու զինված ուժերն անխոչընդոտ մուտք են գործել մեր սուվերեն տարածք, շարունակում են մնալ այստեղ եւ հրաժարվում են դուրս գալ։ Հայաստանի իշխանություններն էլ, կոնկրետ գործողությունների դիմելու փոխարեն, առաջարկում են հայելային հետ քաշել զորքերը։
- Կխնդրեի, որ ավելի մանրամասն անդրադառնաք Սյունիքում տիրող իրավիճակին։ Ի վերջո, թշնամին ճանապարհներին մաքսակետեր տեղադրեց, անընդհատ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, այստեղից, կարծես, հերքում են, բայց իրականում ի՞նչ վիճակ ունենք։
- Ի դեմս Սյունիքում ստեղծված իրավիճակի՝ այսօր բավական լուրջ անվտանգային խնդիր ունենք։ Ադրբեջանի եւ Թուրքիայի կարեւոր նպատակներից մեկը Սյունիքով Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանին կապող միջանցք ունենալն է, որը թուրքական կողմն անգամ որպես նախապայման է առաջ քաշում՝ արդեն հայ-թուրքական հնարավոր գործընթացի շրջանակներում։ Ի դեպ, այսօր Անկարան ու Բաքուն այնքան անկաշկանդ են իրենց զգում Հայաստանի իշխանություններին պայմաններ թելադրելու հարցում, որ անգամ ՀՀ-Արցախ ճանապարհի կարգավիճակն են փորձում հավասարեցնել, իրենց տերմինաբանությամբ ասված՝ «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակին, ինչը բացարձակ անընդունելի է։ Ուշագրավ է, որ Սյունիքում եւ Սյունիքի շուրջ այսօր ստեղծված իրավիճակը նոյեմբերի 9-ի հայտարարության հետեւանքը չէր։ Հիշեցնեմ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված էր, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Զորքերի տեղաշարժի եւ դիրքերի փոփոխության մեկ այլ լեգիտիմ հիմք կարող էր լինել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը, որը պարզապես չկար։ Եվ եթե հաշվի առնենք այս ամենը, ապա ստացվում է, որ Կովսականի ու Սանասարի՝ մեզ համար կարեւոր դիրքերը թշնամուն են զիջվել վերջինիս հետ գաղտնի պայմանավորվածությունների արդյունքում։ Հենց սրանից հետո Սյունիքը հայտնվեց անմիջական սպառնալիքի ներքո։ Հենց սրանից հետո թշնամին ամիսներ անց արդեն մաքսակետեր տեղադրեց ու փաստացիորեն անհնար դարձրեց տեղի հայկական գյուղերի ազգաբնակչության տեղաշարժը։ Ի դեպ, հատկապես ուշագրավ է այն, որ երբ մեր զորքերը հետ քաշվեցին՝ Ադրբեջանին զիջելով վերոնշյալ կարեւոր դիրքերը, Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ նման որոշում կայացվել է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու նպատակով, այնինչ տեղի ունեցավ ճիշտ հակառակը։
Ավելի ուշ՝ այս տարվա նոյեմբերի կեսերին, ականատես եղանք թշնամու հերթական ագրեսիայի դրսեւորմանը Սյունիքի ուղղությամբ, որը, իրականում, երեւան հանեց մեզ համար անվտանգային կարեւոր նշանակություն ունեցող այլ խնդիրներ եւս։ Նախ, բանակի բարոյահոգեբանական վիճակն ու ծառայության համար առկա պայմանները։ Տեսեք՝ մենք մեկ տարի ժամանակ ունեինք մեր զինվորների համար պատշաճ պայմաններ ապահովելու, դիրքերը կահավորելու համար։ Բայց պետական միջոցները բանակի ուղղությամբ ծախսելու փոխարեն այս իշխանությունները նախընտրում են պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնել եւ պարգեւավճարներ ստանալ, լրտեսական ծրագրեր գնել ու ընդդիմախոսներին գաղտնալսել եւ այլն, եւ այլն։
Մյուս կարեւոր խնդիրը, իհարկե, այն էր, որ հերթական անգամ բախվեցինք իրավիճակի, երբ ակնհայտ դարձավ, որ Հայաստանի արտաքին քաղաքականություն այսօր պարզապես չկա։ Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան հերթական առիթն էր Բաքվի՝ ագրեսոր լինելու մասին հնարավոր բոլոր հարթակներից բարձրաձայնելու, քննարկումներ ու բանաձեւերի ընդունումներ նախաձեռնելու, դատարաններ դիմելու համար։ Ոչինչ արդյունքում չունենք։ Անգամ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ, մեր անվտանգային համակարգը կազմող կառույցի՝ ՀԱՊԿ-ի հետ գործողությունների նախաձեռնումն ու պլանավորումը, մեղմ ասած, պատշաճ կերպով չիրականացվեցին։
- Հիշատակեցիք գաղտնի պայմանավորվածությունների մասին։ Այսօր այդ ձեռագիրը շարունակվո՞ւմ է։
- Միանշանակ՝ շարունակվում է, եւ սա իմ կամ որեւէ մեկի ենթադրությունը չէ։ Կարող եք նայել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների վերջին համատեղ հայտարարությունը, որտեղ շատ հստակ արձանագրված է այս փաստը։ Հիշեցնեմ՝ միջնորդ երկրների ԱԳ նախարարները հղում էին անում 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, 2021-ի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը եւ այլ պայմանավորվածություններին։ Ի՞նչ «այլ պայմանավորվածությունների» մասին է խոսքը։ Մյուս կողմից՝ նորից անդրադառնալով վերջին իրադարձություններին, չէր կարող ուշադրություն չգրավել այն հանգամանքը, որ Բրյուսելում երկուսով՝ Փաշինյանն ու Ալիեւը, փակ դռների հետեւում քննարկում են ունեցել։ Ի՞նչ են պայմանավորվել, ինչի՞ շուրջ են համաձայնության եկել՝ չգիտենք, գիտենք միայն, որ Բրյուսելից հետո Ալիեւը «կառուցողական» գնահատեց այդ ֆորմատով հանդիպումը։ Ուշադրության արժանի է նաեւ Նիկոլ Փաշինյանի վերջին մամլո ասուլիսի ընտրված ժամանակը։ Գիտենք՝ այդ օրը Ադրբեջանի նախագահի ծննդյան օրն էր, որն էլ այն նշանավորեց օկուպացված Հադրութում նոր ռազմական միավոր բացելով։ Ինչ է, սա է՞լ էր Ալիեւ-Փաշինյան «միասնական ուղերձներ» շարքից։
Այսինքն՝ այո՛, սա ձեռագիր է, որ բնորոշ է Փաշինյանին։
- Իշխանություններին, կարծես, մեկ այլ ձեռագիր էլ է բնորոշ՝ ընդդիմախոսների նկատմամբ շինծու քրեական գործեր, քաղաքական հետապնդումներ իրականացնելը։ Եվ այսօր այդ ալիքը բավական մեծ ծավալով շարունակվում է։ Ի՞նչ կասեք սրա հետ կապված։
- Այո՛, ընդդիմությանը բովանդակային պատասխանելու փոխարեն ընդդիմադիր գործիչներին փորձում են վախեցնել կեղծ քրեական գործերով ու ձերբակալություններով։ Սա շատ արատավոր երեւույթ է, որ հարվածի տակ է դնում առաջին հերթին մեր պետության հեղինակությունը։ Այսօր մենք մեծ քայլերով հետ ենք գնում ժողովրդավարական արժեքներից։
Մյուս կողմից՝ իրավապահ համակարգն իշխանության կամակատարն է դարձել՝ բառի բուն իմաստով։ Բայց ես ուզում եմ նորից դիմել այդ գործառույթներն այսօր կատարող մեր սպաներին՝ հիշեցնելով, որ ոչինչ, այդ թվում՝ այսօրվա իշխանությունը, հավերժ չէ։ Գալու է պատասխան տալու ժամանակը, եւ օրենքի առաջ պատասխան են տալու բոլորը՝ իրենց գործողությունների կամ հանցավոր անգործության համար։ Ինչ վերաբերում է հարցին, թե որքան են շարունակվելու այս կամայականությունները, ապա ես շատ հստակ կարող եմ ասել՝ այնքան, քանի դեռ Նիկոլն ու իր թիմը իշխանության են։ Բռնությունը, ատելությունը նրանց էության մի մասն են, նրանց ձեռագիրն են։ Ասվածի վկայությունը վերջին ՏԻՄ ընտրություններն էին ու դրանց արդյունքում իշխանությունների ապօրինությունները։ Վերջերս ես այցելեցի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ շինծու քրեական գործի շրջանակներում պահվում է Վանաձորի ընտրված ավագանի Մամիկոն Ասլանյանը։ Ես ուրախությամբ կարող եմ նշել, որ Մամիկոնի տրամադրվածությունը խիստ մարտական էր, եւ պատրաստակամությունը բարձր՝ մինչեւ վերջ պայքարելու։
- Վերադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին՝ ի՞նչ է կատարվում հայ-թուրքական գործընթացներում։ Ո՞ւր են մեզ տանում։
- Մեզ տանում են թուրքական օրակարգով հարաբերությունների հաստատման։ Թուրքիան մշտապես հայտարարել է, որ նախապայմաններ ունի՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։ Դրանք էին՝ Արցախից հրաժարվելը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, պահանջատիրությունից հրաժարվելն ու իր տարածքային ամբողջականությունը ճանաչելը։ 44-օրյա պատերազմից հետո ավելացավ եւս մեկը՝ իրենց տերմինաբանությամբ ասած՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրումը։ Անկարան ոչ մի օր չարեց հայտարարություն, որ հրաժարվում է այս նախապայմաններից եւ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման։ Դրա մասին միայն Հայաստանի իշխանություններն են խոսում։ Եվ, ուրեմն, եթե Թուրքիան չի հրաժարվում իր նախապայմաններից, բայց միաժամանակ հայտարարում է, որ բարենպաստ միջավայր է ստեղծվել հարաբերությունները կարգավորելու համար, ուրեմն չի՞ ստացվում արդյոք, որ այս իշխանությունները համաձայնել են բավարարել այդ նախապայմանները։ Ես հիշեցնեմ․ այդ նախապայմաններն էին՝ հրաժարվել Արցախից, հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից ու պահանջատիրությունից եւ «Զանգեզուրի միջանցք» տրամադրել։ Ընդ որում, մենք հաճախ ենք խոսում արցախյան հարցին եւ միջանցքին առնչվող նախապայմանների մասին, եւ կարծես անտեսվում է Ցեղասպանության հարցի կարեւորությունը։ Ես նորից ուզում եմ ընդգծել, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն եւ ոչ առաջին հերթին պատմական արդարության վերականգնման նպատակ է հետապնդում։ Այն կարեւոր անվտանգային հարց է Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Չմոռանանք Թուրքիայի կեցվածքն արցախյան հակամարտության ողջ ընթացքում, Թուրքիայի պահվածքն առաջին արցախյան պատերազմում, ապրիլյանի ժամանակ եւ, անշուշտ, վերջին՝ 44-օրյա պատերազմի օրերին։ Արդյոք Թուրքիայի կեցվածքը նույնը կլինե՞ր, եթե ժամանակին Ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկված լիներ։ Հենց այս է պատճառը, որ Ցեղասպանության ճանաչումը նախեւառաջ անվտանգային խնդիր է մեզ համար։ Ընդհանուր առմամբ, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, մենք մի պարզ ճշմարտություն պիտի հասկանանք՝ սահմանները չեն կարող հավերժ փակ մնալ, մի օր պիտի սկսվի հարաբերությունների կարգավորման գործընթաց, բայց կողմերի շահերը հաշվի առնող գործընթաց։ Թուրքիան մեկ տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, հերթական անգամ ցույց տվեց իր թշնամական կեցվածքը հայ ժողովրդի նկատմամբ՝ ամեն կերպ աջակցելով Ադրբեջանին՝ թե՛ ռազմական, թե՛ տեղեկատվական, թե՛ քաղաքական ճակատներում։ Ի վերջո, ապացուցված տվյալներ կան Թուրքիայի աջակցությամբ զինյալ ահաբեկիչների վարձակալության մասին։ Սրանք գործողություններ էին, որ պիտի ստանային համարժեք գնահատական։ Բայց մենք ոչ միայն չունենք համարժեք գնահատական, այլեւ այսօր հենց Թուրքիան է նախապայմաններ առաջ քաշում՝ հարաբերությունների կարգավորման համար։ Ի պատասխան սրան՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները հայտարարում են, թե իբր դեմ են այդ նախապայմաններին, բայց իրականում այսօր մենք մի իրավիճակում ենք, երբ փաստացի դրանց կյանքի կոչման փուլ ենք մտնում։
Հիշենք բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, ի դեպ, մի միջոցառման, որի վերաբերյալ ոչ միանշանակ վերաբերմունք ունեն մեր գործընկեր երկրները, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Հայաստանի իշխանություններն այս գագաթնաժողովին մասնակցելու իրենց որոշումը հիմնավորեցին նրանով, որ դա այդ թվում լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ ներկայացնելու աշխարհին հայության նկատմամբ իրականացված ագրեսիան։ Բայց արդյունքում ոչ մի խոսք չասվեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի, ահաբեկիչների, թուրքական նախապայմանների եւ այլնի մասին։ Այսինքն, ոչ միայն քայլեր չեն իրականացվում Հայաստանի իշխանությունների կողմից՝ հասնելու այդ ագրեսիայի դատապարտմանը, այլեւ ստեղծված հնարավորություններն էլ պարզապես չեն օգտագործվում։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ որոշակի կապեր, պայմանավորվածություններ Թուրքիայի հետ արդեն գործում են։
Մյուս կողմից՝ այսօր արդեն հայտարարվում է հարաբերությունների կարգավորման համար Հայաստանից եւ Թուրքիայից ներկայացուցիչներ նշանակելու մասին, ինչը եւս որոշակի շփումների արդյունք է։ Այդ շփումների, կապերի առկայության ցուցիչ է նաեւ նույն «3+3» շատ կասկածելի ձեւաչափին առանց որեւէ խոչընդոտի համաձայնություն տալը։
Հայ-թուրքական այսօրվա գործընթացի համատեքստում մեկ այլ կարեւոր հարց էլ կա՝ այս գործընթացը երկկո՞ղմ է՝ առանց միջնորդի, թե՞, այնուամենայնիվ, կա միջնորդ կողմ կամ միջնորդներ։ Սա եւս չափազանց կարեւոր է գործընթացի ամբողջական պատկերը հասկանալու տեսանկյունից։
Եթե փորձեմ կարճ, ապա պիտի նշեմ, որ սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ Հայաստանի շահը որեւէ կերպ ներկայացված չէ։
- Իշխանությունները վստահեցնում են, որ Թուրքիայի հետ սահմանի բացումից եւ տարածաշրջանի ապաշրջափակումից հետո Հայաստանը տնտեսապես զարգանալու է։ Գուցե այսօր մեր երկրի, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակն է պատճառը, որ այս գործընթացին հանրությունն առանձնապես չի հակադրվում։ Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ կասեք երկրի տնտեսական վիճակի հետ կապված։
- Ինչ վերաբերում է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին, ապա սա մեկ այլ լրջագույն խնդիր է։ Պարադոքսալն այն է, որ աննախադեպ նվաճումների մասին անընդհատ բարձրաձայնող իշխանությունն իրականում հանրությանը խնդիրների աննախադեպ փունջ բերեց:
Երկնիշ տնտեսական աճի փոխարեն ունենք երկնիշ գնաճ, թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները: Այս իշխանությունը, որ պնդում էր, թե աղքատությունը մարդկանց գլխում է, ոչ միայն ոչինչ չարեց՝ հանելու համար այն մարդկանց գլխից, այլեւ աղքատության հասցրեց Հայաստանի բնակչության գրեթե կեսին: Մասնագետները պնդում են, որ արտագաղթն այս տարվա ընթացքում գերազանցեց նախորդ բավական երկար ժամանակահատվածի ռեկորդները: Թվային համեմատությամբ, այս տենդենցը համեմատելի է 90-ականների արտագաղթին:
Եվ, ի վերջո, անվտանգային միջավայրի հետ կապված այսօրվա անորոշ իրավիճակում, անգամ սահմանների բացումից հետո անհեթեթ է խոսել համակարգային հնարավորությունների մասին, այդ թվում՝ ներդրումների ներգրավման, կապիտալ ծախսերի ավելացման: Որեւէ արժանահավատություն ունենալու համար այդքան խոստումներից գոնե մեկ-երկուսը պետք է իրականացված լինեին:
- Մեր այսօրվա զրույցը հիմնականում Հայաստանի արտաքին քաղաքական ու անվտանգային խնդիրների շուրջ ստացվեց։ Երեւի հարկ էր անդրադառնալ նաեւ այլ ոլորտներում մեր ունեցած խնդիրներին։ Ընդհանուր առմամբ՝ ո՞ր հիմնական հարցերը կառանձնացնեիք։
- Բնականաբար, հասկանալի է, որ այսօրվա մեր զրույցը հիմնականում ծավալվեց հենց անվտանգային խնդիրների շուրջ։ Այսօր սա կենսական նշանակության հարց է մեզ համար, եւ պատահական չէ, որ կարեւորագույն թեմաները հենց սրան են առնչվում։ Բայց, միաժամանակ, վստահաբար կարող եմ պնդել, որ այսօր խնդիրներ ունենք բոլոր ոլորտներում՝ սոցիալականից մինչեւ մարդու իրավունքներ եւ անկախ դատական համակարգ։
Մենք՝ բոլորս, ամենօրյա կտրվածքով ենք բախվում խայտառակ թանկացումների, գնաճի խնդիրներին։ Ես արդեն նշեցի՝ Հայաստանի բնակչության գրեթե կեսն է այսօր հասնում աղքատության շեմին։ Սա լրջագույն թիվ է եւ լրջագույն մարտահրավեր մեր պետության համար։
Որեւէ դրական դինամիկա չունենք տնտեսության ոլորտում։ Չնայած ամպագոռգոռ խոստումներին՝ մենք այսօր առարկայական առաջընթաց պարզապես չունենք։
Նույնը՝ նաեւ մարդու իրավունքներին առնչվող հարցերում, ժողովրդավարության զարգացման, անկախ դատական համակարգի հետ կապված։ Ընդ որում, մենք ոչ միայն չունենք առաջընթաց, այլեւ շատ դեպքերում հստակ հետընթաց ունենք, որի ամենաթարմ օրինակը վերջին ՏԻՄ ընտրություններին հաջորդած հայտնի իրադարձություններն են։
Իսկ իրավիճակը, իրականում, շատ պարզ է՝ այս իշխանությունը պարզապես չունի հնարավորություն որեւէ ոլորտում հաջողելու, եւ նա դա արդեն ապացուցել է լիարժեք եւ ամբողջական եւ ապացուցել է մեզ համար շատ ցավոտ ձեւերով։
- Ելք տեսնո՞ւմ եք այսօր ստեղծված իրավիճակից։
- Իհարկե, անելանելի իրավիճակներ չեն լինում, բայց բանաձեւը հստակ է՝ այս իշխանությունները պիտի հեռանան։ Պիտի հնարավորություն ստեղծվի չկապիտուլացված, չպարտված, բարոյահոգեբանորեն ուժեղ, խելացի, պրոֆեսիոնալ ուժերի համար՝ համայն հայության ջանքերով փորձելու կասեցնել պարտության անիվն ու ոտքի կանգնեցնել Հայաստանն ու Արցախը։ Եվ սա այսօր իմ մեծագույն մաղթանքն է մեր հայրենակիցներին՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ։