Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնի առթիվ
ՔաղաքականությունՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ:
Խաղաղություն ավետող Սուրբ Ծննդյան այս տոնին մենք բարեմաղթանքներ ենք հղում, հույս, հավատ, սեր փոխանցում միմյանց և միաժամանակ, ջերմությամբ և աղոթքով հիշում նրանց, ովքեր մեզ հետ չեն:
Այս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել և սրտացավ լինել միմյանց հանդեպ, Ընտանիքի հանդեպ, Օջախի հանդեպ, Հայրենիքի հանդեպ:
Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, բարությամբ, ուրախությամբ, հանգստությամբ և ջերմությամբ:
Մաղթում եմ բոլորիդ, ձեր ընտանիքներին և հարազատներին առողջություն, երջանկություն և ամենայն բարիք:
Քրիստոս ծնվեց և հայտնվեց:
Ձեզ և մեզ մեծ Ավետիս»,-ասված է նախագահի ուղերձում։