Ղազախստանի հարցով ՀԱՊԿ առցանց հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով
ԱշխարհՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհուրդը չի նախատեսում որևէ փաստաթուղթ ստորագրել հունվարի 10-ին նախատեսված տեսակոնֆերանսից հետո։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Բանակցություններում ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն Ղազախստանում ստեղծված իրավիճակը, գրում է kommersant.ru-ն։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերն ավարտել են իրենց տեղակայումը Ղազախստանում և սկսել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետությունում ՀԱՊԿ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Սերդյուկովը։
Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվել էին զանգվածային անկարգությունների, հարձակումներ էին իրականացվել պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր: