Կիպրոսի ԱԳ նախարարը հայտարարել է հրաժարականի մասին
ՔաղաքականությունԿիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը հանդես է եկել լրագրողների առջև, որոնց հրավիրել է ԱԳՆ, և հայտարարել, որ հրաժարական է տալիս. նրա հայտարարությունը տարածել է մամուլի և տեղեկատվության կառավարական բյուրոն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես ձեզ հրավիրել եմ ԱԳՆ, որպեսզի հայտարարեմ արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու իմ որոշման մասին։ Ես հրաժարականի դիմումը հանձնել եմ Կիպրոսի նախագահին մի քանի օր առաջ, նա այն ընդունել է ուրբաթ առավոտյան, այն ուժի մեջ կմտնի երեքշաբթի օրվանից՝ 2022 թվականի հունվարի 11-ից»,- հայտնել է Քրիստոդուլիդիսը։
Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Նիկոս Անաստասիադիսին իրեն վստահելու համար և ասել, որ հրաժարականը կապված է 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
«Բայց այսօր դեռ ժամանակը չէ որևէ որոշման համար։ Ես կհայտարարեմ 2023 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, երբ վերջնական որոշումներ կկայացնեմ»,- ասել է նա։
Նշվում է, որ Կիպրոսի նախագահին հինգ տարով ընտրում են ուղղակի գաղտնի քվեարկությամբ: