Ղազախստանի խորհրդարանը չեղարկել է երկրի արտաքին և ներքին քաղաքականության համաձայնեցումը Նազարբաևի հետ
ԱշխարհՂազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները համաձայնել են Սենատի առաջարկած ուղղման հետ, որը վերացնում է արտաքին և ներքին քաղաքականության հիմնական ուղղությունները երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ համաձայնեցնելու անհրաժեշտությունը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Չորեքշաբթի ստորին պալատի լիագումար նիստում պատգամավորները համաձայնել են այս փոփոխությանը, այժմ օրենքը համարվում է ընդունված և ուղարկվում է հանրապետության նախագահին ստորագրության։
Նազարբաևը, որը Ղազախստանը ղեկավարել է գրեթե 30 տարի, հրաժարական է տվել նախագահի պաշտոնից 2019 թվականի մարտի 20-ին, սակայն այնուհետև պահպանել է Անվտանգության խորհրդի ղեկավարի, իշխող Նուր Օթան կուսակցության առաջնորդի և Ղազախստանի Ժողովրդական ժողովի ղեկավարի պաշտոնները։
Նազարբաևը հունվարի 5-ին՝ երկրում զանգվածային անկարգությունների շրջանում երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին է փոխանցել Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները։ Հունվարի 18-ին անկարգությունների սկզբից ի վեր առաջին անգամ դիմելով ղազախստանցիներին՝ տեսաուղերձով, 81-ամյա Նազարբաևն ասել է, որ Տոկաևը Ղազախստանում լիարժեք իշխանություն ունի, իսկ ինքը՝ նախկին նախագահը, թոշակառու է։ Միաժամանակ նա հերքել է իբր «վերնախավում կոնֆլիկտի կամ առճակատման» մասին լուրերը։