Կարևոր է հնարավորինս շուտ ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով. ՌԴ ԱԳՆ
ԱշխարհՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է բոլոր պահվող անձանց վերադարձնելու կարևորությունն ու նշել, որ ՌԴ-ն ամեն ինչ անում է այդ ուղղությամբ:
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողի փոխանցումը հայկական կողմին, և, իհարկե, կարևոր է հնարավորինս շուտ լուծել այդ վիճահարույց հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններում, ավարտել պահվող անձանց փոխանակումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով»,-ասել է Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
Վերջինս հիշեցրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ՝ ընդհանուր առմամբ, վերադարձվել է 146 մարդ՝ 127-ը՝ հայկական կողմին, 19-ը՝ ադրբեջանական:
«Կարևոր ենք համարում զուգահեռաբար ջանքերի գործադրումն՝ ուղղված անհետ կորածների ճակատագիրը պարզելուն, և աջակցելու ենք դրան ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ որպես համանախագահ»,- հավելել է դիվանագետը:
Զախարովան նշել է, որ «ՌԴ-ն իր կողմից արել է, անում է և անելու է ամեն ինչ պահվող անձանց վերադարձնելու հարցում: «Այդ հարցը առաջնահերթ է: Մենք հասկանում ենք հարցի էությունն ու առաջնահերթությունը»,- ընդգծել է Զախարովան:
Անդրադառնալով Արցախի՝ Բաքվի վերահսկողությանն անցած հատվածում հայկական մշակութային ժառանգության պահպանմանը՝ դիվանագետը նշել է, որ այդ հարցով ևս կանոնավոր կերպով կապ է պահվում Բաքվի և Երևանի միջև: «Եվ մենք կողմ ենք տարածաշրջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ մեկնարկին»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: