Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Գրանդ Սպորտ»-ի դիմաց հայտնաբերվել է կնոջ դի
ՀասարակությունԱյսօր՝ փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 44-ամյա Ռուբիկ Զ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Սպորտ» համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։
Ըստ նախնական տեղեկությունների, վարկածներից մեկով՝ պարեկային ծառայությունը, քննչական խումբն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն աշխատում են նաև այն ուղղությամբ, որ մեկ այլ ավտոմեքենա վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը շպրտվել ու ընկել է Mercedes-ի վրա, քանի որ պարեկների օպերատիվ ժամանման արդյունքում դիակից մոտ 30-40 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են մեկ այլ ավտոմեքենայի կոտրված դետալներ, վրաերթի ենթարկվածի պայուսակը, շարֆը, իսկ կոշիկներից մեկը հարվածից շպրտվել ու հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում։
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև «Գրանդ Սպորտ» ընկերության աշխատակցի՝ Կարինե Քալաշյան անուն-ազգանունով անցաթութը։