Ես և Ջիլը աղոթում ենք Ուկրաինայի խիզախ ու հպարտ ժողովրդի համար․ Ջո Բայդեն
ԱշխարհՆախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Ուկրաինայի վրա Ռուսաստանի՝ «չհրահրված և չարդարացված հարձակման վերաբերյալ»։
«Ամբողջ աշխարհն աղոթում է Ուկրաինայի ժողովրդի համար, որն այսօր չհրահրված և չարդարացված հարձակման է ենթարկվել Ռուսաստանի զինված ուժերի կողմից։ Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը, որը մարդկային կյանքերի աղետալի կորուստների ու տառապանքների կհանգեցնի։ Այս պատերազմի հետևանքով կորսվող կյանքերի ու ավերածությունների միակ պատասխանատուն Ռուսաստանն է, և Միացյալ Նահանգները և իր Դաշնակիցներն ու գործընկերները միասնական ու վճռական կարձագանքեն։ Աշխարհը Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի։
Այսօր երեկոյան ես Սպիտակ տնից կհետևեմ իրավիճակին և կշարունակեմ պարբերաբար թարմացումներ ստանալ ազգային անվտանգության իմ թիմից։ Վաղն առավոտյան կհանդիպեմ Յոթնյակի իմ գործընկերներին, ապա կխոսեմ ամերիկյան ժողովրդի հետ՝ հայտարարելու այն հետագա միջոցների մասին, որ Միացյալ Նահանգների և մեր դաշնակիցների ու գործընկերների կողմից կպարտադրվեն Ռուսաստանին՝ Ուկրաինայի, գլոբալ խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված այս անհարկի ագրեսիայի համար։ Մենք նաև կհամակարգենք ջանքերը ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու ամուր, միասնական արձագանք՝ կանխելու Դաշինքին ուղղված ցանկացած ագրեսիա։ Այսօր ես և Ջիլը աղոթում ենք Ուկրաինայի խիզախ ու հպարտ ժողովրդի համար»,- նշված է հայտարարության մեջ։