Հայաստանը ինքնահեռացել է ղարաբաղյան խնդրի լուծումից. փորձագետ
Քաղաքականությունregnum.ru-ն գրում է, որ Հայաստանի պաշտոնական իշխանությունները փորձում են իրենց ազատել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման պատասխանատվությունից։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, «Ժողովրդի ձայնը» (Հայաստան) փորձագիտական ակումբի անդամ Արման Ղուկասյանը։
«Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ իշխող կուսակցության պատգամավորները, այսօր հասկացնում և արդեն բացահայտ ասում են, որ Հայաստանի Հանրապետությունը չնչին ազդեցություն ունի ղարաբաղյան խնդրի լուծման վրա։ Ես անձամբ համաձայն չեմ դրա հետ և համոզված եմ, որ դրա հետ համաձայն չէ նաև Արցախը։ Ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարության սխալ քաղաքականությունն է դարձել մեր խնդիրների հիմնական պատճառը։ Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը քաջ գիտակցում է, որ Հայաստանի իշխանությունների ղարաբաղյան խնդրից կտրված լինելու դիրքորոշումը սպառնալիք է մնացած Արցախի համար, որի երաշխավորն այսօր Ռուսաստանն է։ «Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մասին» ընդունված օրենքը նաև մեսիջ է Հայաստանի իշխանություններին առ այն, որ Արցախի հիմնախնդիրը դեռ լուծված չէ, և կարիք չկա ինքնահեռանալ խնդրից։ Թեկուզ հիմա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը սահմանափակ հնարավորություններ ունի նման օրենքը իրականացնելու համար, բայց դա նրանց դիրքորոշման արտահայտությունն է»,- ասել է փորձագետը։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովը միաձայն ընդունել է «Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների մասին» օրենքը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը