Ծառուկյանն սկսել է պատժել
Քաղաքականություն«Մամուլ»
2015-ի գարնանը, երբ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու, կուսակցության նախագահի ու խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին, մի խումբ անձինք լքեցին ԲՀԿ-ն: Հիմա, երբ Ծառուկյանը պաշտոնապես հայտարարել է վերադառնալու և Աժ ընտրություններին մասնակցելու մասին, ասում են` ներքին քննարկում է ունեցել մինչև վերջ իրեն հավատարիմ մնացած անձանց հետ, որի ժամանակ նշել է, թե հեռացածներից ովքեր կարող են հետ գալ: Ըստ լուրերի` նա բացառել է Մարտուն Գրիգորյանի, Մուշեղ Պետոյանի ու Բազմասեր Առաքելյանի հնարավոր վերադարձը, ովքեր ՀՀԿ-ական խաղերի մեջ են, քննարկելի համարել` Բելաջիոյի Գրիշի ու Կարամելի Հարութի հարցը: Խնդիրն այն է, որ, շրջանառվող տեղեկությունների համաձայն, Մարտուն Գրիգորյանը մինչև Ծառուկյանի վերադարձը մտադիր էր ռեյտինգային կարգով ընդգրկվել ՀՀԿ ցուցակում։ Ինչ վերաբերում է Մուշեղ Պետոյանին, խոսակցությունների համաձայն, նա հույս ուներ, որ այս անգամ ՀՀԿ-ն իրեն չի «քցի» և կփոխհատուցի աշնանը ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունը: Բազմասեր Առաքելյանի մասին էլ ասում էին, որ նախկին ԲՀԿ-ականը վերջին շրջանում լավացրել էր հարաբերությունները ՀՀԿ-ի հետ: Ամիսներ առաջ վերջինն իր երեխաների մկրտության կնքահայր էր դարձրել այժմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: