Աշակերտը կրակել է դասարանում՝ վիրավորելով 4 հոգու
ԱշխարհԵրեկ առավոտյան Մեքսիկայի Մոնթերեյ քաղաքի Colegio Americano del Noreste էլիտար մասնավոր դպրոցի աշակերտներից մեկը դասի ընթացքում կրակ է բացել ներկաների ուղղությամբ: Տեղի լրատվականների հաղորդմամբ` անկանոն կրակոցների հետևանքով վիրավորվել է 3 աշակերտ և ուսուցչուհին: Դրանից անմիջապես հետո աշակերտն ինքնասպան է եղել:
Չարագործը 15-ամյա Ֆեդերիկո Գևարա Էլիզոնդոն է եղել: Իրավապահները դեռևս դժվարանում են նշել` ինչը կարող էր նման արարքի դրդապատճառ դառնալ: Տեղի իշխանությունների հաղորդմամբ, սակայն, անչափահասը, հնարավոր է` խնդիրներ է ունեցել հոգեկան առողջության հետ կապված, ինչի համար նա անգամ բուժման կուրս է անցել:
Հաղորդվում է, որ վիրավորվածների թվում է քիմիայի 27-ամյա ուսուցչուհին, 15-ամյա 2 և 14-ամյա 1 աշակերտ: Վիրավորներից 3-ի, այդ թվում` ուսուցչուհու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ի դեպ, դասասենյակում տեղադրված տեսագրող սարքն ամրագրել է հրաձգության պահը: Ըստ դրա` աշակերտը կրակ է բացել այն պահին, երբ ուսուցչուհին սկսել է հավաքել գրավոր աշխատանքի թղթերը: Այդ պահին դասարանում մոտ 20 աշակերտ է եղել: