Ոստիկանությունը հարձակվել է Դինքի հիշատակը հարգող անձանց վրա
ԱշխարհԱնկարայում ոստիկանությունը հարձակվել է Հրանտ Դինքի հիշատակին կազմակերպված երթի մասնակիցների վրա։ Այս մասին հաղորդում է «Ակօս» թերթը։
Անկարայում Հրանտի հիշատակի նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել Յուքսել պողոտայում հունվարի 19-ին տեղի ժամանակով 15:00-ին հիշատակի արարողություն կազմակերպելու մասին: Արարողությանը պետք է մասնակցեին նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ պատգամավորներ:
Սակայն արարողությունն արգելվել է, իսկ խմբին թույլատրվել է միայն մեկ րոպեանոց հարգանքի երթ կազմակերպել:
Հարգանքի երթից հետո ոստիկանությունը երթի մասնակիցների կողմից կարգախոս հնչեցվելու պատճառաբանությամբ հարձակվել է խմբի վրա: Խմբի որոշ անդամներ ծեծի են ենթարկվել:
Անկարայում 2017 թվականի հունվարի 10-ից մեկ ամսով արգելվել են բոլոր ցույցերն ու ակցիաները: