Փաստաբանի վրա հարձակված դատախազը կաթողիկոսի եղբորորդի՞ն է
ՀասարակությունԱրմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 13-ին միջադեպ էր գրանցվել։ Փաստաբան Գեորգի Մելիքյանը հայտնել էր փաստաբանների պալատին, որ դատավոր Ադամյանի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում,նույն գործով հանդես եկող դատախազ Կ. Ներսիսյանը, փաստաբանի կողմից իր մասնագիտական գործողությունների կապակցությամբ վրդովվել է, եւ հարձակվել փաստաբանի վրա, վիրավորել, դատական նիստերի դահլիճի խոսափողը շպրտել փաստաբանի ուղղությամբ, որից հետո փաստաբանին հրավիրել է դուրս՝ հարցերը պարզաբանելու համար:
NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Գեորգի Մելիքյանն ասաց, որ պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու, ճնշում գործադրելու փորձ է կատարվել։
«Վկան հաստատեց, որ նախաքննական ցուցմունքները ինքը չի տվել, քննիչը խեղաթյուրել է իր ցուցմունքները դիտավորյալ։ Իմ հարցեր տալու իրավունքից օգտվելով՝ հարցեր էի տալիս, դատախազը վրդովվեց, միջամտեց անօրինական։ Դատարանի ուշադրությունը հրավիրեցի այդ անօրինության դեմ, էդ կապակցությամբ էլ ինքը վրդովվեց, որ վիճարկում եմ իր դեմ անօրինական բաներ, տեղից ելավ, եկավ եւ իբրեւ վիրավորված ուզեց հարվածել, կարգադրիչները թույլ չտվեցին»,-պատմեց փաստաբանը։ Նա ասաց՝ չգիտի, թե ով է դատախազը։
NEWS.am-ի տեղեկություններով, սակայն, դատախազը 34-ամյա Կորյուն Ներսիսյանն է՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղից։ Դատախազը կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է։