Լավրովը «կատոկել է» ադրբեջանցիներին
ԱշխարհՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հայտարարությամբ «կատոկի» տակ գցեց ադրբեջանական կողմին՝ հաշվի առնելով այն, որ այդ զգացմունքային թվացող հայտարարության տակ կա դիվանագիտական դեմարշ՝ ասելու, թե ինչ է իրենից ներկայացնում ղարաբաղյան հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Հիշեցնելով նաեւ ՀԱՊՀ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, որտեղ վերջինս օգտագործել էր «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը, Նավասարդյանը նշեց, որ փորձ է արվում սթափեցնել Ալիևին, ով կարմիր գիծն արդեն անցնում է: «Ալիեւը բացարձակապես չի ցանկանում խաղալ այն խաղի կանոններով, որոնք դրվում են խնդրի լուծման համար, եւ շեշտը դնում է ռազմական ճանապարհով լուծելու հնարավորությունների վրա»,-հավելեց բանախոսը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին, հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների իրականացումը Ադրբեջանի ներքին գործը չէ: