Ոստիկանի կյանքը փրկածին կալանքի տակ են պահում․ ակցիա Երևանում
ՔաղաքականությունՀայաստանի վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պաշտպանի բողոքի քննությունը՝ խափանման միջոցի դեմ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արմեն Մարտիրոսյանին տեղափոխել են Վերաքննիչ դատարան: Դատարանի առջեւ են հավաքվել Արմեն Մարտիրոսյանի հարազատները, ընկերները, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը: Քաղաքացիներն իրենց հետ դատարանի առջեւ են բերել Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի լուսանկարներով պաստառներ:
Րաֆֆի Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նրանց կալանավորումը համարում է մարդու իրավունքների կոպիտ խախտում:
«Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը ներկայացնում են այն քաղաքական ուժը, որը հաղթել է ընտրություններում, որը գերադասում է ժողովրդին, ժողովրդի իրավունքը: Փաստորեն, միաժամանակ թիրախավորել են միանգամից մի քանի խիզախ քաղաքացիների, որոնք միշտ պաշտպանում են քաղաքացու իրավունքները, նաեւ ոստիկանի իրավունքները: Եւ ամբողջ հեգնանքը այն է, որ անգամ ոստիկանի կյանք փրկած քաղաքացուն են անազատության մեջ վերցնում այն բանի համար, որ ինքն իր սահմանադրական իրավունքն է իրացրել: Այսինքն խաղաղ ցույցին մասնակցելու համար շարքային քաղաքացին 4-10 տարի կարող է նստել բանտում: Սա ինձ համար անբացատրելի, աններելի արարք է հատկապես, երբ այն կամայական հիմունքներով է կատարվում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանությունն ուժային գործողությունների է դիմել: ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա։ Պաշտոնական տվյալներով, 73 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցներ: Ակցիայի ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել: