«Ու՞մ է պետք լինելու այն հողը, որի վրա ոչ ոք չի ապրելու». Սերժ Սարգսյան
ՔաղաքականությունՊետք է նվիրումով ծառայել, պետք է քաջաբար կռվել, բայց նաև պետք է անել ամեն ինչ ողջ մնալու համար` պայքարը շարունակելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում վերջին ամիսներին զորացրված երիտասարդների հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նման կերպ արձագանքեց ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում Մատաղիս-Թալիշ հատվածում ծառայած Հարությունի այն դիտարկմանը, որ պարտադիր պետք է վերադառնալ և շարունակել ծառայությունը «մինչև վերջ»:
«Եթե մեր երիտասարդների կեսը, շատ չեմ ասում, ոչ մեկին չեմ ուզում ո՛չ կշտամբել, ո՛չ էլ վիրավորել, մտածի այնպես, ինչպես դու, մենք որևէ խնդիր չենք ունենա: «Մինչև վերջ» ես հասկանում եմ` մինչև չեզոքացնենք մեր Հայրենիքին սպառնացող վտանգը, որովհետև շատերը «մինչև վերջն» այլ կերպ են հասկանում: Դուք մեր երկրին պետք եք ողջ, հակառակ պարագայում ու՞մ է պետք լինելու այն հողը, որը պաշտպանում ենք, երբ այդ հողի վրա ոչ ոք չի ապրելու»,- ասել է Սերժ Սարգսյանը: