Պուտինը երբեք չի գրավի Ուկրաինան. Ջոնսոն
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաջակցություն Ուկրաինայի տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է, որ ՌԴ նախագահ «Վլադիմիր Պուտինը երբեք չի կոտրի ուկրաինացի ժողովրդի ոգին ու չի գրավի նրանց հայրենիքը», գրում է The Guardian-ը:
«Ուկրաինան կրկին ոտքի կկանգնի և իր տեղը կզբաղեցնի ազատ և ինքնիշխան ազգերի շարքում... մենք՝ բրիտանացիներս, հիացած ենք ուկրաինացիների հայրենասիրությամբ: Մեր գործն է անել ամեն ինչ նրանց աջակցելու համար: Բրիտանիան երբեք չի հրաժարվի ընկերներին աջակցելուց»,-ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: