Հնդկաստանը կավելացնի ռազմական տեխնիկայի արտադրությունը
ՀասարակությունՀնդկաստանը կավելացնի ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ ուղղաթիռների, տանկային շարժիչների, հրթիռների եւ օդադեսանտային վաղ նախազգուշացման համակարգերի արտադրությունը՝ Ռուսաստանում իր հիմնական մատակարարի մոտ պոտենցիալ դեֆիցիտը լրացնելու համար, հաղորդում է AP-ն:
Հնդկաստանն իր պաշտպանական տեխնիկայի գրեթե 60 տոկոսով կախված է Ռուսաստանից, իսկ Ուկրաինայում պատերազմը խորացրել է կասկածներն ապագա մատակարարումների մասով:
Ըստ պաշտպանական ոլորտի պաշտոնյաների՝ Հնդկաստանը, որն ունի երկրորդ ամենամեծ բանակը, չորրորդ ամենամեծ ռազմաօդային ուժերը եւ յոթերորդ ամենամեծ նավատորմն աշխարհում, չի կարող իրեն պահել ներմուծման հաշվին:
«Մեր նպատակը Հնդկաստանը պաշտպանական արտադրության կենտրոնի վերածելն է»,- ասել է պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը՝ հրապարակելով այն ռազմական տեխնիկայի ցանկը, որը կարտադրվի երկրում եւ այլեւս չի ներմուծվի: 2100 միլիարդ ռուփիի (28 միլիարդ դոլար) ռազմական պատվերները, ամենայն հավանականությամբ, կկատարեն տեղական պետական եւ մասնավոր ձեռնարկություններն առաջիկա հինգ տարում:
Նախկին գեներալ-լեյտենանտ Դ.Ս. Հուդան ասել է, որ անցյալ տարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան կատարած այցի ժամանակ երկու կողմերն էլ որոշել են արտադրության մի մասը տեղափոխել Հնդկաստան՝ երկրի կարիքները բավարարելու համար։