Ռուսաստանը երկարաձգել է չվերթների արգելքը մինչև ապրիլի 19-ը
ԱշխարհՌուսաստանի Դաշնության հարավային և կենտրոնական հատվածների օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև ապրիլի 19-ը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը։
«Մինչև ապրիլի 19-ը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 03.45-ը, երկարացվել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումը դեպի Ռուսաստանի 11 օդանավակայաններ՝ Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա»,֊ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հավելել են գերատեսչությունում, ռուսական ավիաընկերություններին խորհուրդ է տրվել թռիչքներ կազմակերպել այլընտրանքային երթուղիներով։ Խորհուրդ է տրվում, ի թիվս այլ օդանավակայանների, օգտվել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Մոսկվայի և Ստավրոպոլի օդանավակայաններից:
«Երկրի մնացած օդանավակայանները կշարունակեն սովորականի պես թռիչքներ ստանալ»,֊ ընդգծել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։