Պուտինը սխալվեց. Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն
ԱշխարհԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտում ունեցած ելույթում անդրադարձել է Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին՝ չբացառելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է «անխոհեմ» քայլերի դիմել Ուկրաինայում մեծ կորուստներ կրելուց և Կիևը գրավելու անհաջող փորձից հետո, գրում է golosameriki.com-ը։
«Այս պատճառներով մեզնից ոչ ոք չի կարող անլուրջ վերաբերվել մարտավարական կամ ցածր հզորության միջուկային զենքի պոտենցիալ օգտագործման սպառնալիքին», - ասել է Բերնսը:
Այնուամենայնիվ, չնայած Կրեմլի «հռետորական հայտարարություններին»՝ աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցը բարձր պատրաստության վիճակի բերելու մասին, չկան զորքերի տեղաշարժի կամ տեխնիկայի տեղակայման վերաբերյալ գործնական ապացույցներ, որոնք կարող են խորացնել այդ մտահոգությունները, հավելել է ԿՀՎ ղեկավարը:
Բերնսը պատասխանել է նաև այն հարցերին, թե կոնկրետ ինչն է դրդել Պուտինին որոշել պատերազմել Ուկրաինայի դեմ։ Ըստ ԿՀՎ-ի տնօրենի՝ Պուտինը կարծում էր, որ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները չափազանց զբաղված են իրենց ներքին քաղաքականությամբ, ինչպես նաև հույսեր էր կապում Ռուսաստանի «պատժամիջոցներից պաշտպանված» արժութային պահուստների հետ։
«Պուտինը սխալվեց այդ կետերից յուրաքանչյուրում», - շեշտել է Բերնսը: