Ռուսաստանի շնորհիվ Դոնբասում խաղաղություն կհաստատվի. Պուտին
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի շնորհիվ Դոնբասում խաղաղություն կհաստատվի, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այդպես էլ կլինի», - ասել է Պուտինը «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» հարթակի խորհրդի նիստում՝ ի պատասխան մասնակիցներից մեկի համապատասխան ցանկության։
Խոսելով ռազմական հատուկ գործողության մասին՝ պետության ղեկավարը վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետևողականորեն կգործի և կհասնի մի իրավիճակի, երբ Դոնբասում կյանքը աստիճանաբար կվերադառնա բնականոն հուն։
Պուտինը նաև ասել է, որ Դոնբասում տեղի ունեցած ողբերգությունը Ռուսաստանին ստիպել է հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայում։
«Դոնբասում, այդ թվում՝ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում տեղի ունեցած ողբերգությունն էր, որ պարզապես ստիպեց Ռուսաստանին սկսել այս ռազմական գործողությունը, ինչի մասին այսօր բոլորը քաջատեղյակ են»,- ասել է նախագահը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: