Գազպրոմը դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստան և Բուլղարիա
ՏնտեսությունԼեհաստանի նավթագազային պետական PGNiG ընկերությունը հայտնել է, որ ռուսական «Գազպրոմ» կորպորացիան իրեն տեղեկացրել է ապրիլի 27-ի ժամը 08:00-ից Յամալ-Եվրոպա գազատարով գազի մատակարարումների դադարեցման մասին։ PGNiG-ն այս հայտարարությունը հրապարակել է երեքշաբթի՝ ապրիլի 26-ին, հայտնում է «Դոյչե վելեն»:
PGNiG-ը հավելել է, որ միջոցներ կձեռնարկի կապույտ վառելիքի մատակարարումը վերականգնելու համար։ Մատակարարումների դադարեցումը պայմանագրի խախտում է, ընդգծել են ընկերությունում։ Նրանք նաև նշել են, որ իրավունք ունեն պահանջելու վնասի փոխհատուցում պայմանավորվածությունների խախտման համար։
Ավելի ուշ Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությունը հայտնել է, որ բուլղարական Bulgargaz գազային ընկերությունը նման ծանուցում է ստացել «Գազպրոմից» «Թուրքական հոսք»-ով մատակարարման վերաբերյալ։
«Գազպրոմը» ավելի վաղ Վարշավայից և Սոֆիայից պահանջել էր հումքի համար վճարել «վճարման նոր կարգի» համաձայն՝ ռուբլով։ Նրանք հրաժարվել են կատարել այս պայմանները։