Մենք պետք է արագացնենք մեր քայլերը, քանի որ Փաշինյանը ցանկանում է էլի ինչ որ բաներ հանձնել. Վահե Հակոբյան
Քաղաքականություն«Սա եւս մեկ անգամ ապացուցում է մեր առաջ քաշած թեզերը, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մաս-մաս իր զիջումները ու մեր պարտությունն անընդհատ շարունակվում է»,-այսօր անհնազանդության ցույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ արձագանքելով Ադրբեջանի փոխարտգործնախարարի այն հայտարարությանը, որ Տավուշի մարզի անկլավների եւ Տիգրանաշենի հարցը պետք է լուծվի Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի համատեքստում:
Նրա խոսքով, սա եւս մեկ դրդապատճառ է՝ ոտքի կանգնել ու նրան հեռացնել մեր կյանքից: Վահե Հակոբյանն ասաց, որ իրենց բոլոր գործողությունները միտված են նրան, որ մենք այս իշխանություններին «դուրս շպրտենք մեր քաղաքական կյանքից»:
Նրա խոսքով, բոլորս գիտակցում ենք՝ ուր է տանում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը. «Եթե Փաշինյանի ձեռքը չբռնենք, ապա շատ արագ վերանալու ենք, պրծնենք: Սա հենց այնպես բառեր չեն: Այսօր Հայաստանի լինել-չլինելու հարցն է»:
Ըստ Վահե Հակոբյանի՝ իրենք պետք է ամեն գնով հասնեն նրան, որ երկիրը ազատեն այս իշխանություններից. «Մենք պետք է արագացնենք մեր քայլերը, քանի որ Փաշինյանը ցանկանում է էլի ինչ որ բաներ հանձնել: Նիկոլ Փաշինյանը չի կարողանում իր վախերը կառավարի, ուր մնաց երկիրը կարողանա կառավարել»:
Վահե Հակոբյանը վստահեցրեց, որ ընդդիմության ներսում պառակտում չկա եւ բոլոր որոշումները կատարվում են կոլեգիալ սկզբունքով: