«Ծառուկյանը չի մեր քվեարկողը»
ՔաղաքականությունԳյումրիի քաղաքապետի ընտրություններում քվեարկողը Ծառուկյանը չէ, այլ գյումրեցին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ–ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ հանուն Գագիկ Ծառուկյանի լքել էր կուսակցությունը, սակայն հետո որոշեց գլխավորել այդ նույն կուսակցության ցուցակը։
«Ծառուկյան Գագիկի հետ թողել եմ ԲՀԿ–ի անդամակցությունս եւ հիմնավորել, քանի որ Գագիկ Ծառուկյանը իմ մտերիմ ընկերն է, եւ դադարեցնում է գործունեությունը ԲՀԿ–ում, ես էլ իր հետ դադարեցրել եմ գործունեությունը Շիրակի մարզում, բայց դա չի նշանակել, որ ԲՀԿ–ի գործունեությամբ չեմ հետաքրքրվել, ուղղակի ակտիվ չեմ եղել»,–ասել է նա։
Վարդեւան Գրիգորյանը հավելել է, որ ամեն դեպքում ինքը մտադրություն չի ունեցել առաջադրվելու։ Այն եղել է կուսակցության առաջարկը, ինչը ընդունել է։ «Պատահական որեւէ բան չի եղել»,–նշել է նա։
Վարդեւան Գրիգորյանը վստահեցրել է, որ առաջարկն ընդունել է առանց Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելու։
«Քանի որ Ծառուկյանը հայտարարել է, որ քաղաքականությամբ չի զբաղվելու, ինչ–որ տեղ պատշաճ չէր լինի, որ զրուցեի իր հետ եւ նրան ինչ–որ տեղ ներքաշեի քաղաքականության մեջ։ Ծառուկյանը չէ մեր քվեարկողը մեր քվեարկողը գյումրեցին է։ Արդյունքները կերեւա, երբ որ ամփոփվեն, կանխատեսել ընտրությունների արդյունքները, իմ կարծիքով պատվաբեր գործ չի, հատկապես Գյումրիում, քանի որ գյումրեցին անկանխատեսելի է, ինչը մի քանի անգամ ապացուցել է»։
Անդրադառնալով իր եւ գործող քաղաքապետ, նախկին ԲՀԿ–ական Սամվել Բալասանյանի հետ մրցակցելուն՝ Գրիգորյանն ասել է. «Հարաբերությունների պրոբլեմ չունենք էսօր, չեմ կարծում՝ թշնամական են, կա երեւույթը ընտրության, կարծում եմ, որ ես էլ որպես ՀՀ քաղաքացի, գյումրեցի իրավունք ունեմ մասնակցելու այդ գործառույթին»։