Կարեն Կարապետյանը` վարչապետի թեկնածու՞
ՔաղաքականությունԸնդդիմության` ապրիլի 17-ից շարունակվող անհնազանդության ակցիաների ընթացքում քիչ չեն դեպքերը, երբ իշխանամետ սադրիչները մոտենում են ցույցի մասնակիցներին և փորձում բախումներ հրահրել: Նրանք ամեն կերպ փորձում են ընդդիմադիրներին հունից հանել՝ հիմնականում նույն հարցերը տալով, որոնցից ամենաառաջնայինը, բնականաբար, ընդդիմության՝ վարչապետի թեկնածուի հարցն է:
Հետաքրքրական է, որ նմանատիպ բախումներից մեկի ժամանակ Գեղամ Մանուկյանը վեճի է բռնվել իշխանամետ քաղաքացիների հետ, և այդ թոհուբոհի ժամանակ, որպես իրենց թեկնածու, նշել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անունը: 1or.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սա միակ դեպքը չէ, երբ սադրիչների բերանը փակելու համար ընդդիմադիրները Կարեն Կարապետյանի անունն են տալիս:
Իհարկե, չենք կարող ասել՝ սա արվում է զուտ մարդկանց բերանը փակելո՞ւ համար, որովհետև Կարեն Կարապետյանը հանրության կողմից քիչ, թե շատ ընդունվող «ֆիգուր» է, թե՞ իշխանափոխության պարագայում իսկապես Կարապետյանն է լինելու ընդդիմության միասնական թեկնածուն: