Հայերեն


Նոր մանրամասներ Գուրգեն Արսենյանի օգնականի դանակահարության գործով․ Տեսանյութ

Հասարակություն

 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնական Ավետիս Գալստյանի նկատմամբ սպանության փորձ, Մաշտոցի պողոտայում վաղ առավոտյան դանակի գործադրմամբ խուլիգանություն, ինչպես նաև Հանրապետության հրապարակում մի քանի կողոպուտ կատարելու համար մեղադրվող Անդրանիկ Գաբրիելյանի, Հակոբ Բոյաջյանի, Գարիկ Բաբախանյանի և Սամվել Սաֆարյանի գործի դատական քննությունը:

Խուլիգանական դրդումներով սպանության փորձի ծանր մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, առաջադրված է միայն Անդրանիկ Գաբրիելյանին, ով, ըստ մեղադրանքի, խմբակային խուլիգանության կատարման պահին դանակ է ունեցել ձեռքին ու կոնկրետ նա է պատգամավոր Գորւրգեն Արսենյանի օգնական Ա. Գալստյանին հարվածել դանակով: Անդրանիկ Գաբրիելյանը մեղադրվում է նաև զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և մեկ դրվագ կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:

Գարիկ Բաբախանյանը մեղադրվում է երկու դրվագ կողոպուտի և խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով, 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Հակոբ Բոյաջյանն ու Սամվել Սաֆարյանը մեղադրվում են խմբի կազմում կատարած կողոպուտի ու խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Այս գործն աղմուկ է հանել իր այն դրվագով, որը կապված է պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնականի դանակահարության հետ: Բայց այդ դանակահարությունից առաջ էլ, ըստ մեղադրանքի, չորս ամբաստանյալները 2015 թվականի սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, Մաշտոցի 40 շենքի հարևանությամբ գտնվող կանգառի տարածքում խուլիգանական գործողություններ են կատարել՝ ծեծի են ենթարկել իրենց ծանոթ, գործով տուժող Գևորգ Մ.-ին:

Աղմուկն ու ծեծի ընթացքն այնպիսին են եղել, որ այդ վաղ ժամին մեքենայով Մաշտոցի պողոտայով անցնող պատգամավոր Գուրգեն Արսենյանը կանգնեցրել է մեքենան, դուրս է եկել, ներկայացել է՝ որ ԱԺ պատգամավոր է, ու սաստել է երիտասարդներին, պահանջել է վերջ տալ ծեծկռտուքին:

Երիտասարդները թողել են ծեծվող Գևորգին, ով այդ ընթացքում դիմել է փախուստի, ու, հաշվի չառնելով, որ քաղաքացիական պարտքը կատարողը նաև պատգամավոր է, «ագրեսիվ կերպով մոտեցել են» պատգամավորին ու նրա օգնական Ա. Գալստյանին: Վերջիններս, ըստ մեղադրանքի, պաշտպանվել են: Հարձակվողներից՝ Անդրանիկ Գաբրիելյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած դանակով վնասվածք է պատճառել պատգամավորի օգնականին, ով ակտիվորեն դիմադրել է, և, ըստ մեղադրանքի, այդ դիմադրությամբ խանգարել է Գաբրիելյանին, չի թողել, որ նա մինչև վերջ հասցնի սպանություն կատարելու՝ իր մտադրությունը:

Գուրգեն Արսենյանն ու Ավետիս Գալստյանը իրենց վրա կատարվող հարձակումը հետ են մղել, նստել են մեքենա ու, տեսնելով, որ Գալստյանը վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ կեսի շրջանում, անմիջապես մեկնել են հիվանդանոց: Դեպքի վայր են հասել նախ ճանապարհային ոստիկանները, ովքեր օգնական ուժեր են խնդրել: Ամբաստանյալներից երեքին բերման են ենթարկել ոստիկանություն:

Մինչև այս «վաղորդյան» խուլիգանությունը՝ ամբաստանյալները, ըստ մեղադրանքի, Երևանի Հանրապետության հրապարակում մի քանի դրվագ կողոպուտ են կատարել: Կողոպտվել են միայն տղամարդիկ, նրանցից, ըստ մեղադրանքի, հափշտակվել են բջջային հեռախոս, կրակայրիչ, ինչպես նաև նրանց գրպաններում եղած գումարները:

Դատարան չէր ներկայացել պատգամավոր վկա Գուրգեն Արսենյանը, ով դիմումով հայտնել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով այս նիստին ներկայանալ չի կարող:

Դատարանը հարցաքննում է գործով տուժողներին ու վկաներին: Այս նիստում հարցաքննվեց տուժող Գևորգ Մ.-ն, ինչպես նաև՝ երկու վկաներ:

Գևորգ Մ.-ն, ճիշտ է, տվյալ գործով տուժող է, բայց նրան ևս կալանավայրից ներկայացրին դատարան, քանի որ մեկ այլ գործով նա մեղադրվում է գողություն կատարելու համար ու գտնվում է կալանքի տակ:

Գևորգը բնակության մշտական վայր չի ունեցել, դեպքի օրերին օրավարձով ապրել է Կիլիկիայում:

Նա չորս ամբաստանյալների ծանոթներից է, նույնիսկ իր ծեծից մի քանի ժամ առաջ ամբաստանյալների հետ հանդիպել է Հանրապետության հրապարակում ու գիշերային ժամին հրապարակի նստարաններից մեկին նստած՝ նրանց հետ օղի է խմել:

Ապա գնացել է «Գուդվին» խաղատուն, խաղացել է մի քանի ժամ: Հետո դուրս է եկել, որ տուն գնա, ու Մաշտոցի պողոտայում՝ Թումանյան-Մաշտոց խաչմերուկին հարակից կանգառի մոտ տեսել է չորս ամբաստանյալներին, ովքեր Գևորգին իրենց մոտ են կանչել ու սկսել են ծեծել...

Դատարանում տուժող Գևորգը հայտնեց, որ իրեն ծեծել են այն պատճառով, որ Անդրանիկը ցանկանում էր իրեն տաքսի նստեցնել ու տուն տանել, բայց ինքը չէր ուզում, բացի այդ էլ՝ շատ խմած էր: Հետո է իմացել, որ իր մայրը զանգել էր Անդրանիկին ու խնդրել էր, որ իրեն գտնեն ու տուն տանեն, որովհետև մոտի փողերը անընդհատ կրվում է խաղատներում:

Քանի որ շատ խմած էր ու չէր ուզում, որ իրեն ստիպելով տաքսի նստեցնեն և տուն «իջեցնեն», ինքը «քֆուր» է տվել Բոյաջյանին, վերջինս ու Անդրանիկը մի քանի անգամ հարվածել են իրեն, իսկ մյուս երկու տղաները՝ Սամվելն ու Գարիկը, իրենց բաժանում էին, նրանք իրեն ոչ մի հարված չեն հասցրել:

Գևորգը պնդեց, որ դեպքի վայրում ինքը չորս տղաներից ոչ մեկի մոտ դանակ չի տեսել, Անդրանիկն իրեն դանակով չի սպառնացել: Դանակ իրեն ցուցադրել է քննիչը՝ համակարգչով:

Գևորգը նշեց նաև, որ դեպքի օրվա երեկոյան են իրեն հարցաքննել, ինքը լավ հարբած էր ու չի հիշում, թե ինչեր է գրել:

Գևորգը նշեց, որ այն պահին, երբ իրեն հարվածներ էին հասցնում Անդրանիկն ու Հակոբը, մի մեքենա է կանգնել: Ինքը տեսել է, որ տղաները գնում են դեպի այդ մեքենան, այդ պահին Գարիկն իրեն ասել է՝ թող, գնա էստեղից, ինքն էլ փողոցն անցել ու փախել է դեպի Օպերա, չի տեսել, թե ինչ է կատարվել մեքենայի ուղևորների ու իրեն ծեծողների միջև:

Անդրանիկ Գաբրիելյանը հարցրեց Գևորգին. «Ես քեզ մահվան սպառնալիք տվե՞լ եմ»: Գևորգը պատասխանեց՝ չէ: Անդրանիկն էլ ասաց. «Էդքան բան»:

Մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեց Գևորգի նախաքննական ցուցմունքը, որը նա տվել էր դեպքի օրը՝ 2015 թվականի սեպտեմբերի 19-ի երեկոյան՝ ժամը 20-ին:

Գևորգը հայտնել էր, որ սեպտեմբերի լույս 19-ի գիշերը նախ չորս մեղադրյալների հետ Հանրապետության հրապարակում օղի է խմել, հետո գնացել է խաղատուն, իսկ ժամը 6-ի սահմաններում, երբ ցանկանում էր Թումանյան-Մաշտոց խաչմերուկի մոտի կանգառից տրանսպորտ նստել ու տուն գնալ, հակառակ մայթին գտնվող կանգառում տեսել է Անդրանիկին, Հակոբին՝ «Քաչալին», Գարիկին ու Սամվելին: Իրեն կանչել են, ինքը փողոցն անցել ու մոտեցել է նրանց: Իրեն մեղադրել են ոստիկանների հետ համագործակցելու, «գործ տալու»՝ «բոզության» համար և սկսել են ծեծել: Երեքով են ծեծել, իրեն չի հարվածել միայն Գարիկը:

Անդրանիկը հանել է մոտի դանակը, շեղբը բացել ու ասել է, թե պիտի սպանի իրեն, բայց Գարիկը չի թողել: «Քաչալը» խփել է իր գլխին, ինքը վայր է ընկել, սկսել են իրեն ոտքերով ու ձեռքերով «անկանոն» խփել:

Գևորգը նշել է, որ այդ ժամանակ հարևան շենքի պատուհաններից մարդիկ պահանջում էին վերջ տալ, գոռում էին. «Փակե՛ք ձեր կեղտոտ բերանները», մի անցորդ տղա է մոտեցել ու հորդորել է վերջ տալ՝ ասելով, թե շենքերում մարդիկ դեռ քնած են, բայց տղաները ծեծը շարունակել են:

Այդ ժամանակ մի «Լեքսուս» է կանգնել, երեք տղաները՝ Անդրանիկը, «Քաչալը» ու Սամվելը, գնացել են դեպի «Լեքսուսը», իսկ Գարիկն իրեն ասել է՝ փախի: Ինքն էլ փախել է: Թե հետո ինչ զարգացում են ունեցել դեպքերը, իմացել է ոստիկանությունում:

Գևորգը պարզաբանել է, թե Անդրանիկն ու մյուսները ինչո՞ւ են իրեն անվանել «գործ տվող». մի քանի օր առաջ ինքը Երևանի Անգլիական այգում հանդիպել է իր ծանոթ Քերոբիկին ու նրա ընկերոջը: Քերոբիկը պատմել է, որ ժամացույցների խանութից ժամացույցներ են գողացել ու վաճառել:

Երբ երկու օր հետո նորից տեսել է Քերոբիկին ու նրա ընկերոջը, Քերոբիկն ասել է, որ ոստիկանները ժամացույցների գողության գործով իրենց տարել են բաժին, իրենք «ատկազ» են արել, հետո իրենց բաց են թողել: Քերոբիկը նույնիսկ իրեն ստուգելու համար պատմել է՝ իբր գողություն են արել նաև արծաթեղենի խանութից...

Գևորգը եզրակացրել է նախաքննական ցուցմունքում. «Երևի դրա հետ էր կապված, որ Անդոն ու մյուսները ինձ ծեծում էին...»:

Գևորգը նշել է, որ դանակ եղել է միայն «Անդուլի» մոտ, միայն նա էր ագրեսիվ տրամադրված, դրա պատճառով ինքը ենթադրում է, որ պատգամավորի օգնականին նա կլինի հարվածած:

Գևորգն ասել է, թե ծեծի հետևանքով պատռվել ու արյունոտվել է իր հագի շապիկը: Նա նկարագրել է իր և մյուսների հագուստները: Նշել է, որ «Լեքսուսի» ուղևորները, փաստորեն, իրեն փրկել են... Նրան ծեծելը ու տղաների հետագա գործողությունները ֆիքսված են փողոցի այդ մասում տեղադրված տեսախցիկներով:

Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո Գևորգը նշեց, որ այդ ցուցմունքի մեջ «լիքը բաներ» չեն համապատասխանում իրականությանը: Իրեն քննիչը չի ծեծել, բայց համոզել է այլ կերպ գրել՝ նշելով, թե մյուսները «էդպես են ասել»: «Ես էն աստիճանի հարբած էի, ոչ մի բան չէի հիշում, ինձ ամեն բան քննիչը կոմպով է ցույց տվել՝ էս «Քաչալն» ա, էս՝ Անդոն, տես՝ խփեց... Էդպես ՝ սաղ կոմպուտրով դրել ա, հատիկ-հատիկ՝ բոլորի շորերը տեսել եմ, թե չէ՝ ի՞նչ պիտի հիշեի... Անդոն իմ վրա դանակ չի հանել, ինձ դանակով չի սպառնացել... Սամվելն ինձ ընդհանրապես չի խփել...»:

Գևորգը ամեն կերպ ջանում էր ամբաստանյալներին հավաստիացնել, որ ինքը դեպքից հետո առավոտյան ոստիկանություն չի գնացել, հաղորդում չի տվել, իրեն ոստիկաններն են «Աստաֆյանից» տարել բաժին, քրեական պետը մի սենյակ է հատկացրել, ասել է՝ թող էդ սենյակում մնա, մի քիչ «օյաղնա», հետո հարցաքննել են: Ինքը առանձին հաղորդում ու բացատրություն չի գրել, դա երևի երեկոյան հարցաքննության ժամանակ են գրել տվել...

Ի վերջո՝ Գևորգը նշեց, որ նախաքննական ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում, ճիշտն այն է, ինչ ինքն ասաց դատարանում. «Ես տենց գրագետ բառապաշար չունեմ, քննիչի թելադրածն եմ գրել...»:

Անդրանիկը դժգոհեց. «Բառապաշարն ի՞նչ կապ ունի, հասկացել ես, որ գրել ես... Մեր հարաբերությունները նենց չի էղել, որ կարայիր իմ դեմ տենց ցուցմունք տայիր, մենք դաժե ընտանիքներով էլ ենք մոտիկ էղել...»:

Գևորգը հուսահատվեց ու նորից ընդգծեց, որ ինքը հարցաքննության ժամանակ հարբած է եղել, նաև՝ «լիրիկա» էր օգտագործել: Ապա պարզաբանեց, որ «լիրիկան» հոգեմետ դեղ է...

Դատարանը հրապարակեց նաև Գևորգի կողմից ոստիկանությունում բացատրություն տալու ժամերը՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան՝ ժամը 10-ն անց 38-ից մինչև 11-ն անց 18...

Գևորգն ասաց. «Միանշանակ նման բան չի էղել...»:

Գործում կա «Փարքինգ սիթի»-ի տրամադրած տեսանյութը, որտեղ երևում է՝ փողոցի տվյալ հատվածում ինչ է տեղի ունենում, ինչպես է ծեծկռտուքն ընթանում, ինչպես են ծավալվում հետագա գործողությունները...

Հարցաքննվեց գործով վկա, 78-ամյա Մերուժան Մ.-ն, ով Մաշտոցի պողոտայում կատարված դեպքի պահին իր մեքենայով կանգնած է եղել մայթեզրին: Նա զբաղվել է տաքսի-ծառայության մատուցմամբ:

Վկան բոլոր չորս ամբաստանյալներին անվանեց «էրեխեք» ու ասաց. «Էս էրեխեքին ոնց որ թե չեմ տեսել, մենակ էն մեկին՝ որ մազեր չունի, թրաշած գլխով նմանացնում եմ... Էրեխեք են, էլի... Ես տեսա, որ ծեծում էին մի էրեխու: Էդ ժամանակ դեպուտատը էկավ՝ Բարգավաճից Գագոն էր, չէ, չէ, Գուրգենն էր, էլի, «Մերսեդեսով» էկավ, թե՞ «Լեքսուսով»՝ ես մեքենաները լավ չեմ ճանաչում... ասավ՝ էրեխե՛ք, վերջացրեք... Բայց կռիվ սկսվավ էդ չորս տղեքի ու դեպուտատի միջև, դեպուտատի վարորդն էլ էր ընդեղ... Էդքանն էլ որ հիշում եմ՝ էլի լավ ա, ինչքան մարդ մեծանում, էնքան խելքն ու հիշողությունը պակասում ա... Իմ հիշելով՝ Քաչալը էն առաջի էրեխու ծեծին չէր մասնակցում, բայց քննիչ ինձ ասավ՝ հենց Քաչալն ա ակտիվ էղել... Քննիչն ինձ չի ծեծել, չի ստիպել, բայց որոշ ուղղումներ արել ա, դե՝ բնական ա, ամեն բան ուզում են իրենց հունով տանեն, դուք դատախազն եք, չէ՞, դուք էլ լավ գիտեք՝ ոնց ա արվում... Ես էդ էրեխեքին ասի՝ էստեղ սաղ կամերաներ են, ամեն բան նկարվում ա, ձեզ կբռնեն, թողեք-գնացեք, բայց էրեխեք էին, շա՞տ էին հասկանում, երևի մի բաժակ էլ խմած կլինեին... Էն առաջի տղուն որ ծեծում էին՝ ասում էին՝ գործ տվող: Հետո որ դեպուտատն էկավ, կանգնեց, ասավ՝ ես դեպուտատ եմ, նրան էլ ասին՝ գործ տվող... Ուրիշ հայհոյանք չեմ լսել, խի՞՝«գործ տվողը» հայհոյանք չի՞... Դանակ չեմ տեսել... Դեպուտատը մեկին խփեց, նա նակաուտ էղավ, հետո կարմանից դուլեն հանեց ...Էդ դեպուտատին ես ճանաչում էի, մոտիկից՝ չէ, բայց գիտեի: Ես մեքենայի միջից էի նայում, երբ որ դեպուտատն էկավ, նոր իջա ու մոտեցա...»:

Ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանը վկային հարցրեց. «Հոպա՛ր ջան, էդ որ տղերքը մոտիկացան պատգամավորին, ո՞վ էր ավելի ակտիվ, ումի՞ց ավելի վատը կսպասեիր՝ տղեքի՞ց, թե՞ պատգամավորից...»:

Վկան պատասխանեց. «Դե, պատգամավորը իջավ մեքենայից, ասավ՝ վերջացրեք... Հետագայում իմացա՝ պատգամավորի հետ իրա վարորդն ա էղել, բա ի՞նչ աներ վարորդը, իրա պատգամավորին չպաշտպանե՞ր... Տղերքից մեկը նակաուտ էղավ, ընկավ գետնին, պատգամավորն էլ մեքենայով նրան շրջանցեց ու գնաց...»:

Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ ինքը տեսել է՝ մի քանի տղաներ մեկին գետնին գցած՝ ծեծում էին ոտքերով ու ձեռքերով: Կանգնեց մի մեքենա, էս ծեծողները ագրեսիվ մոտեցան էդ մեքենային, որտեղից դուրս եկան պատգամավոր Արսենյանն ու մի տղա: Արսենյանն ասաց՝ ես պատգամավոր եմ, հանդարտվեք, բայց նրանք ավելի բորբոքվեցին, ու սկսվեց հրմշտոցը... «Իմ ասածներին էլ բանի տեղ չդրին... Պատգամավորի հետի տղեն երկուսին բռունցքով խփեց... հետո ճանապարհային ոստիկանները էկան, էդ տղաներին բռնեցին ու տարան...»:

Վկան հայտնել էր, որ առաջին դրվագում երեքով էին ծեծում ընկած տղային՝ «Քաչալը», «Բոյովը» ու «էն մեկը»: Բայց երբ պատգամավորը մոտեցավ, նրա վրա հարձակվեցին չորսով... Ամենաագրեսիվը «Քաչալն» ու «Բոյովն» էին... «Բոյովը» Անդրանիկ Գաբրիելյանն էր...

Վկան ասաց, թե «սաղ կյանքում ազնիվ է եղել», քննիչն իր ցուցմունքում միայն ուղղումներ է արել...

Ի վերջո՝ դատավորի հարցերին ի պատասխան՝ վկան նախաքննական ցուցմունքի մասին ասաց. «Համարյա ճիշտ եմ գրել»:

Ամբաստանյալ Սամվել Սաֆարյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թամարա Բաղդասարյանը սկզբում ցածրաձայն, ապա նախագահողի պահանջով բարձրաձայն ասաց, որ դատարանը համոզեց վկային, վկան ուզում էր շուտ հեռանալ, ի վերջո՝ համաձայնեց, որ նախաքննության ժամանակ «համարյա ճիշտ ցուցմունք է գրել»:

Նախագահողը փաստաբանի կարծիքին չհամաձայնելով՝ ասաց. «Գնահատականը թողնում եմ ձեզ, հասարակությանը...»:

Դատարանը հարցաքննեց նաև վկա, ճանապարհային ոստիկանության տեսուչ Կարապետյանին, ով դեպքի պահին ծառայություն է իրականցրել Օպերայի մոտ: Վաղ առավոտյան նրանց մոտով անցնող մի մեքենայի վարորդ նշան է արել՝ ցույց տալով Մաշտոցի պողոտան: Վկան ու գործընկերը ոտքով առաջացել ու տեսել են, որ Թումանյան-Մաշտոց խաչմերուկի մերձակայքում մարդիկ են հավաքված: Նրանց կողքին կանգնել է մի մեքենա, որի մեջ էին ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն ու նրա օգնականը: Վերջինիս հագուստը՝ կրծքավանդակի հատվածում, արյունոտված էր, նրանք ասել են, որ դանակահարություն է եղել, իրենք շտապում են հիվանդանոց:

Վկան ու ծառայակիցը գնացել են դեպի հավաքվածները: Տեսել են, որ դեպքի վայրում երեք տղաներ կան՝ մեկը՝ Սամվել Սաֆարյանը, պառկած էր գետնին, մյուսը՝ Անդրանիկը, փորձում էր նրան ուշքի բերել, իսկ երրորդը՝ Հակոբ Բոյաջյանը, կանգնած էր: Չորրորդը չկար: Հակոբն ասել է, թե իրենք «էպիլեպսիայով հիվանդ տղաներ» են, նոպա են ունեցել, ընկել ու վնասվել են, իրենց բժիշկ պետք չի: Վկան տեսել է, որ Անդրանիկն ու Սամվելը, որն արդեն ոտքի էր կանգնել, ուզում են հեռանալ: Ոստիկանները գնացել են նրանց հետևից՝ դեպի Պուշկինի փողոց: Վրա են հասել նաև ոստիկանության պարեկային մեքենաները, երեք տղաներին բերման են ենթարկել...

Նիստի վերջում ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանը հայտարարեց, թե ինքը չի հավատում, որ տուժող Գալստյանը դանակի վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ հատվածում. «Թող մայկեն բարձրացնի, մի հատ տեսնեմ, էլի»:

Նախագահողն ասաց, որ եթե կարիք լինի, համապատասխան փուլում դա էլ կարվի:

Գործով կատարված դատաբժշկական փորձաքննությամբ արձանագրված է, որ տուժող Ա. Գալստյանը սուր կտրող-ծակող գործիքով վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում, նրա առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս:

Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ» Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ Ասել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանIDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՄրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանՎինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ Քոչարյան Իրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՍոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանՀայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԿոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինԵրևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՈւսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԿոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումՊատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Պաշտպանական ներուժի բարձրացումը պատկերացնում ենք եռաստիճան համակարգով․ Նաիրի ՍարգսյանՄիրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ինՄի ներողությունը չի փրկի Անդրանիկ Քոչարյանին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գերազանցության գերժամանակակից կենտրոններ հիմնվեցին. «Ուժեղ Հայաստան»Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն ՄանվելյանՆախարարներին 7-ական միլիոն պարգևավճար, իսկ թոշակառույին 10 հազար. Վանաձոր. ԼՈՌԻ Փաշինյանը հունիսի 7-ին նորից կստանա՞ ժողովրդի քվեն. Գյումրի. ՇԻՐԱԿ Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե տեսնեք. Գյումրի. ՇԻՐԱԿ Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ ՍավգուլյանՊահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ ՍիմոնյանՄեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս
Ամենադիտված