Ադրբեջանը դժգոհել է Լավրովից. Սկանդալը շարունակվում է
ԱշխարհԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը բարձրաձայնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպման արդյունքից իր դժգոհությունը: Հանդիպումը, որը կայացել էր Մոսկվայում, Մամեդյարովին լավատեսություն չի ներշնչել:
Դիվանագիտության մեջ աննախադեպ նման հայտարարությունը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մամեդյարովն արել է Բաքվում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Լավրովի հետ հանդիպման վերաբերյալ հարցին:
«Ես չեմ կարող լավատեսությամբ ընդունել Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները», հայտարարել է Մամեդյարովը:
Նա տեղեկացրել է, որ փետրվարին Գերմանիայում նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Հանդիպումը պետք է տեղի ունենա փետրվարի 17-19-ը ընկած ժամանակահատվածում: Ես տվել եմ իմ համաձայնությունը», հայտնել է նա:
Լավրովը ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների իրականացումը բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին: Վերջինս հետաքրքրվում էր, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի «Ադրբեջանի ներքին գործերին», եթե ադրբեջանական կողմը նախաձեռնի ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղում:
Կատարվածից հետո Մամեդյարովը շտապել էր Մոսկվա` հանդիպելու և խնդրի առնչությամբ քննարկումներ ունենալու Լավրովի հետ: