Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության դեսպանին
ՔաղաքականությունՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ օգոստոսի 9-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
Պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին փոխանցում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսեյ Բաբկովը, ինչպես նաև իր առաքելությունն ավարտած՝ պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Եվգենի Արտյոմենկոն:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Բաբկովին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ, իսկ առաքելությունն ավարտած գնդապետ Արտյոմենկոյին շնորհակալություն հայտնել՝ ՀՀ-ում ռազմադիվանագիտական ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար:
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրադրության մասին և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում վերջին օրերին արձանագրվող զարգացումները:
Քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցության հետագա խորացման ուղիները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով ծրագրված միջոցառումների ընթացքը: