Եթովպիան պատրաստ է մեծացնել Ռուսաստան սուրճի մատակարարումը
ՏնտեսությունՌուսաստանում Եթովպիայի դեսպան Ալեմայեհու Թեգենուն ասել է, որ աֆրիկյան երկիրը, գների աճի սպասումների ֆոնին, պատրաստ է մեծացնել սուրճի արտահանումը Ռուսաստան։ Նրա խոսքով՝ Եթովպիայում սուրճի բերքահավաքի հետ կապված ավելի բարենպաստ իրավիճակ է, քան Ասիայում եւ Լատինական Ամերիկայում, ուստի հանրապետությունը կարող է ավելացնել մատակարարումները, գրում է «Կոմերսանտ»-ը։
«Եթե Ռուսաստանից հայտ լինի, կարող ենք ծավալներն ավելացնել, խնդիր չկա... Նման բան նախկինում արդեն եղել է, երբ ինչ-որ տեղ սուրճի բերքը սպասվածից քիչ էր, գները բարձրանում էին։ Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, սուրճի արտադրությունը շարունակվում է։ Եթովպացի արտադրողները պատրաստ են սուրճ մատակարարել ցանկացած երկրի»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ն։
Օգոստոսին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ սուրճի համաշխարհային գներն այս տարի կբարձրանան սուրճի ամենամեծ մատակարարը Բրազիլիայում արաբիկայի հատիկների վատ բերքի պատճառով: Փետրվարին սուրճի ֆյուչերսների գինը տասը տարվա առավելագույն ցուցանիշի էր հասել՝ 2.58 դոլար մեկ ֆունտի դիմաց: