Ձնհալի հետևանքով Երևանում հնարավոր է ջրհեղեղ լինի
ՀասարակությունԵրևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության մամլո հաղորդագրությունը.
«Ձնհալից առաջացող ջուրն առաջիկայում կարող է հեղեղել Երևանը. այսպիսի վտանգ են կանխատեսում ոլորտի մասնագետները: Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանն այս մասին ահազանգ-նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Skandalayin.ru կայքում տպված հոդվածը՝ «Երևանը ջրհեղեղի վտանգի առջև է. պատկան մարմիններն անհանգստացած են», մեղմ ասած՝ լուրջ մտահոգությունների տեղիք տվեց: Այդպիսի նախադեպ եղել է դեռևս 1946թ., երբ աղետը քաղաքին մեծ վնաս է հասցրել: Ու նույնը սպասվում է հիմա, երբ առաջիկայում եղանակը կտրուկ տաքանալու է՝ ինչպես կանխատեսում են օդերևութաբանները: Ձնհալից առաջացած ջուրը հեղեղելու է մեր փողոցն ու տունը, քանի որ և՛ Հրազդան գետը, և՛ Գետառը (որի մի մասը բետոնապատված է) չեն կարողանալու այդ ծավալի ջուրը տեղափոխել: Այս ահազանգը հնչեցնում են ոլորտի մասնագետները, միչդեռ փաստացի որևէ գործողություն չի ձեռնարկվել աղետի դեմն առնելու համար»,- նշված է նամակում:
Ավագանու անդամը խնդրել է տեղեկացնել, թե քաղաքապետարանը կոնկրետ ինչ միջոցառումներ է նախատեսում եղանակի տաքացման դեպքում կանխատեսվող աղետը կանխարգելելու նպատակով»: