10-ամյա աղջիկը հրդեհից փրկել է իր հինգ քույր-եղբայրներին
ԱշխարհԲելգորոդի մերձակայքում գտնվող Տետերեվինո գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը ողբերգական ավարտ կունենար, եթե չլինեին 10-ամյա Յուլիայի գերբնական ջանքերը: Դեպքը, որի մասին այսօր է հայտնի դարձել, տեղի է ունեցել փետրվարի 2-ին: Մայրը ավագ երեխայի` 10-ամյա դստեր հսկողությանն է թողել 5 երեխաներին` 2, 6 և 8 տարեկան տղաներին ու 2 և 9 տարեկան աղջիկներին և դուրս եկել տնից:
Այդ օրը տանը բնական գազ չի եղել և այն ջեռուցվել է վառարանով: Յուլիան քույրերի ու եղբայրների հետ խաղալիս է եղել սենյակում, երբ տղաներից մեկը վազել է խոհանոց ու նկատել հրդեհը: Հրդեհն արդեն տարածված է եղել սենյակում:
Յուլիան երեխաներին իր մոտ է հավաքել, բռունցքով կոտրել պատուհանն ու նրանց տվել տան մոտ արդեն հավաքված մարդկանց, այնուհետև ուշագնաց է եղել ծխից: Նրան փրկել են հարևանները:
Իր արարքն աղջիկը հերոսական չի համարում, ասում է, որ շատ է սիրում իր հարազատներին և սարսափում է միայն այն մտքից, որ նրանց հետ կարող էր ինչ-որ բան պատահել: