Արցախում ներքաղաքական իրավիճակը կրկին սրվելու միտումներ է ցուցադրում
ՔաղաքականությունԱրցախում ներքաղաքական իրավիճակը կրկին սրվելու միտումներ է ցուցադրում։
Մինչ նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը որևէ բառ չեն խոսում և չեն քննարկում, ստեղծված իրավիճակը արցախյան իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող, սակայն արտաքուստ ընդդիմադիր կերպարանք ստացած որոշ արցախյան շրջանակներ շարունակում են նոր թափով տեղեկություններ տարածել, իբր Ռուբեն Վարդանյանին արագորեն հեռացնելու են պետնախարարի պաշտոնից։
Այն, որ Ռուբեն Վարդանյանի պաշտոնազրկումը պահանջում են Ադրբեջանի իշխանությունները, վաղուց հայտնի փաստ է։ Բազմիցս արձանագրել ենք, որ նաև արցախյան որոշ շրջանակներ, որոնք նախկինում օգտվել են զգալի արտոնություններից, ինչպես նաև կարողացել են իրենց դիրքն օգտագործել՝ անձնական շահի համար, ևս գաղտնիք չէ, հենց դրանց դեմ հիմնական պայքարը մղում է պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ կանխելով բացասական երևութները և, շրջափակման 2 ամիսների ընթացքում արդյունավետ կառավարում իրականացնելով, կարողանում ապահովել Արցախի բնակիչների նվազագույն պահանջմունքները։
Ռուբեն Վարդանյանին հեռացնելու բուռն ախորժակ ունի նաև փաշինյանական վարչակազմը, հատկապես վերջին սոցհարցումներից հետո, երբ պարզվեց, որ Ռուբեն Վարդանյանը ընդհուպ իր վարկանիշով մոտեցել է վարչական լուրջ ռեսուրսների տիրապետող Նիկոլ Փաշինյանին և կարող է հավակնել ոչ միայն Արցախում թիվ մեկ ազդեցություն ունեցող գործիչ դառնալու, այլ ընդհուպ մինչև Հայաստանի վարչապետի պաշտոնին։
Իհարկե, փաշինյանական վարչախումբը մահու չափ սարսափում է ցանկացած անձից, ով կարող է ձեռնոց նետել Նիկոլ Փաշինյանի պոպուլիստ, ապիկար և դավաճան իշխանությանը, ուստի և բնավ զարմանալի չէ, որ ամեն ինչ փորձում են անել՝ Ռուբեն Վարդանյանին արանքից հեռացնելու, իրենց դավաճանական իշխանությունն ավելի ամրապնդելու առումով։
Ուստի և այդ գործին են լծվել թե՛ հայաստանյան բազմաթիվ շրջանակներ, որոնք անմիջական կապ ունեն փաշինյանական վարչախմբի հետ, և թե՛ արցախյան որոշ շրջանակներ։
Այս հանգամանքն իհարկե առաջին հերթին ձեռ է տալիս Ադրբեջանին, որը նոյեմբերին՝ պետնախարարի Ռուբեն Վարդանյանի նշանակումից հետո ամեն ինչ արել է նրանից ազատվելու համար։
Սոնա Ավետիքյան