ԵՐևԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ԿԱԹՎԱԾԱՀԱՐ ԵՆ․ ԵՐԲԵՄՆ ԿԻԼՈՄԵՏՐԱՆՈՑ ԽՑԱՆՈՒՄՆԵՐ ԿԱՆ
Հասարակություն«ARMTIMES»
Ձյան տեղումներով պայմանավորված՝ Երեւանի փողոցները կաթվածահար վիճակում են. գրեթե ամենուր անվերջ թվացող խցանումները գագաթնակետին են հասել հատկապես երեկոյան ժամերին, երբ մարդիկ աշխատանքից տուն են վերադառնում:
Համացանցում հիմնական դժգոհությունները վերաբերում են Խանջյան-Մոնումենտ-Ռայկոմ հատվածին: Այս հատվածը ժամը 20:00-ից հետո գրեթե անանցանելի էր: Մերկասառույցի պատճառով ամենուր վթարներ են, քաղաքացիները համատարած դժգոհում են քաղաքապետարանից ու ձնամքարման աշխատանքներով զբաղվող Սանիթեք ընկերությունից: Փողոցներում ամենուր լողացող մեքենաներ են, կանգառներում կամ երթուղայիններում՝ սառած ու դժգոհող քաղաքացիներ:
ՀՀ ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հարցին ի պատասխան փոխանցեց, որ նշված հատվածներից Ազատության պողոտայում վթար է տեղի ունեցել. «Երկու մեքենա բախվել են իրար Ազատության պողոտայում՝ Մոնումենտի մոտ, նյութական վնաս է, մարմնական վնաս չկա: Մյուս փողոցներում խցանումները պայմանավորված են եղանակային պայմաններով»,- ասաց Ջանոյանը՝ հավելելով, որ ճանապարհային ոստիկանությունը աշխատանքներ է տանում՝ խցանված փողոցները բացելու ուղղությամբ: