Լավ լուր բժիշկ-գործարարների համար
ՀասարակությունԴեղատների, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզավորման գործընթացն այսուհետեւ ավելի պարզ եւ հստակ կլինի։ ՀՀ կառավարության կողմից լիցենզավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին օրերս ընդունված որոշումը հիմնականում միտված է հանրապետությունում մատուցվող դեղատնային գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզավորման կարգերի հստակեցմանը եւ ՀՀ մարզերում, մասնավորապես` սահմանամերձ գյուղական համայնքներում, բնակչության դեղորայքային ապահովման բարելավմանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-Ի N 867 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի N 94–Ն որոշման համաձայն կրճատվել է լիցենզավորման համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերի ցանկը, հանվել է գործունեության իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենի ներկայացման պարտադիր պահանջը։
Հստակեցվել եւ տարանջատվել են դեղատնային գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման հայտերի ձեւերը` լիցենզավորման, վայրի փոփոխման, ինչպես նաեւ այլ վայրում լիցենազավորման:
Պարզեցվել եւ կրճատվել են դեղատների, դեղատնային կրպակների համար սահմանված կառուցվածքային եւ տարածքային չափսերը։ Առեւտրի սրահի եւ սպասասրահի չափերը նախկին 18 ք.մ-ից դարձել են 12։ Այլեւս պարտադիր չէ, որ դեղատները հանգստի սենյակ ունենան (կրճատվել է 8ք.մ տարածք)։
Հանվել են դեղատների` դեղատոմսերի ընդունման եւ պատրաստված դեղերի բացթողնման բաժին, դեղերի ստերիլիզացման եւ ասիստենտական առանձին սենյակներ ունենալու պարտադիր պահանջները` դրանք ընդհանրացնելով մեկ սենյակում։
Միաժամանակ, հստակեցվել են կանաչ խաչի նշանի լուսավորության ռեժիմը եւ տեղադրման ձեւը` համաձայն ստանդարտների: