Ինչ վիրավորումներ ունեն այսօր Սոթքում վիրավորված զինծառայողները, որտեղ են նրանք
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Գեղարքունիքի մարզի Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված 4 զինծառայողներից երկուսի վիճակը միջին ծանրության է, երկուսինը՝ բավարար։
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Տարբեր տիպի վիրավորումներ են, բեկորային էլ։ Դեռ կարիք չկա, որ տեղափոխվեն Երևան»,- նշեց նա։
Առողջապահական գերատեսչության ղեկավարը շեշտեց նաև, որ ադրբեջանական կողմից մեր շտապօգնության մեքենային թիրախավորելու հետ կապված հանդես են եկել հայտարարությամբ․ «Որևէ կերպ չի կարելի արդարացնել նման ագրեսիան, շտապօգնության մեքենաներն ու բժշկական ծառայություն մատուցող մեքենաները հատուկ օբյեկտներ են, և որևէ ձևով նրանց թիրախավորումն ընդունելի չէ»:
Այս հարցով ՀՀ առողջապահության նախարարությունը դիմելու է միջազգային գործընկերներին։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ գիշերը և առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Հայկական կողմը ունի 4 վիրավոր։ Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, մեկ զոհ, մեկ վիրավոր, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 4 վիրավոր: