Մուրադ Մուրադյանը՝ հհկ-ականների ծեծկռտուքի մասին
ՔաղաքականությունԱրարատի մարզի Մասիս քաղաքում երեկ երեկոյան բախում է տեղի ունեցել հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանի և մեկ այլ ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջև։ Վերջինս Արարատի մարզպետի Արամայիս Գրիգորյանի եղբայրն է։
Այս մասին գրել էր «Հրապարակ» օրաթերթը, որի տեղեկություններով՝ վեճը ծագել է այն պատճառով, որ Մուրադ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսն անցել են Գրիգորյանների կողմը՝ նշելով, որ խորհրդարանական ընտրություններին պաշտպանելու են վերջինիս թեկնածությունը։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պատասխանեցին, որ միջադեպ գրանցվել է Մասիսի բաժնում, հետաքննություն է իրականացվում։
Tert.am-ի հետ զրույցում Մուրադ Մուրադյանը չհերքեց, որ միջադեպ է տեղի ունեցել, բայց ասաց, որ մանրամասների չի տիրապետում, այդ ժամանակահատվածում Մասիսում չի եղել։
«Գնում եմ շտաբ՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ է եղել, բայց որ մյուս կողմը չափն անցել է, դա հաստատ է։ Թող ոստիկանությունը պարզի՝ վեճը հրահրողը ով է եղել , թող ներկայացնի պարագլուխների անունները»,-շեշտեց նա։
Մուրադ Մուրադյանն ասաց, որ այդ ժամանակահատվածում եղել է Հրազդանի Կիրճում գտնվող ռեստորաններից մեկում, մասնակցել է 400 հոգանոց միջոցառման՝ տիկնոջ հետ։ «Ավելին չեմ կարող ասել, տեսնեմ՝ ինչ է եղել, Ձեզ հարցազրույց կտամ»,-եզրափակեց նա։
Tert.am-ը փորձեց զրուցել նաև Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ, վերջինս հեռախոսազանգերին չպատասխանեց։
Tert.am-ի հետ զրուցում Մասիսի քաղաքապետ Գոռ Համբարձումյանն էլ ասաց, որ մամուլից է տեղեկանում, որ քաղաքում միջադեպ է եղել։
«Կճշտեմ՝ որքանով է իրականության համապատասխանում, կպատասխանեմ։ Բայց կարծում եմ՝ փորձել են լարվածության տպավորություն ստեղծել, քաղաքում լարվածություն չեմ նկատել»,-ասաց նա։